Ինֆորմատիկայի դասընթացներ գյուղերում` շարժական ինտերնետային-համակարգչային կայանի օգնությամբ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում ինֆորմատիկայի երկշաբաթյա դասընթացներ է անցկացնում Փամբակ և Դարանակ գյուղերի աշակերտների և ուսուցիչների համար։
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Նա նշեց, որ օրեր առաջ կայանը դասընթացներ է անցկացրել Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում: Ա. Գրիգորյան խոսքով, Փամբակ գյուղում երկշաբաթյա դասընթացներ անցկացնելուց հետո կայանը այցելելու է Գեղարքունիքի Գետիկ գյուղ:
Նրա խոսքով, համայնքներում առավոտյան համակարգչային գրագիտության դասընթացներն աշակերտների համար են, իսկ ցերեկը` ուսուցիչների:
Ա. Գրիգորյանը հայտնեց, որ Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) այցելում է հիմնականում այն համայնքներ, որտեղ ինտերնետ կապը բացակայում է և դպրոցները դեռևս միացած չեն Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին, իսկ տեղի դպրոցները բավարար քանակի համակարգիչներով համալրված չեն:
Նշենք, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը 2010 թվականի ընթացքում Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցականներին 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին հաղորդակից դարձնելու նպատակով այցելել է հանրապետության 20 համայնքներ։ Կազմակերպված համակարգչային գրագիտության դասընթացներին մասնակցել է 488 աշակերտ և 255 ուսուցիչ։
Դասընթացները վարել են «Հարմոնիա» հիմնադրամի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը։