Oլիմպիադայի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև մայիսի 20-ը
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կանցկացնի Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադան: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ: Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկվելու են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից ու մշակույթից։ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր: Հաղթողները որոշվելու են երկու փուլերում վաստակած միավորների գումարի արդյունքներով:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները ընդգրկող հարցարան: Բանավոր փուլը անցկացվելու է երկու օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականության հինգ դասականների (Մեսրոպ Մաշտոց, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ և Միսաք Մեծարենց) կենսագրության և ստեղծագործության շրջանակներում:
Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից` բանավոր հարցերի միջոցով: Բանավոր փուլի հաղթողները որոշվելու են երկու օրերում կայացած մրցույթների արդյունքների հիման վրա:
Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեկական դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական պարգևներ:
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի մրցույթներ, որոնցից մեկին մասնակցությունը պարտադիր է: Այս մրցույթներում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Մասնակիցների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ: Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները:
Մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել դպրոցի տնօրինության կամ անձամբ` աշակերտի կողմից:
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն և փոխանցվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2011 թվականի մայիսի 20-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտերի հիման վրա: Ընտրության մասին աշակերտները կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը, մասնակցության հայտաձևը և այլ անհրաժեշտ նյութերը կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության www.edu.am կայքի «Հայտարարություններ» և Կրթական տեխնոլոգիաների կենտրոնի www.armedu.am պաշտոնական կայքի «Սփյուռք» բաժնում: