Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը կբարեկարգվի ՀՊՃՇՀ-ի աջակցությամբ
Այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը և Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Սահակ Լևոնյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Պայմանագիրը, կրթական ծրագրերի ժամանակակից պահանջներից ելնելով, նպատակ ունի ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ և կողմնորոշումներ ձևավորել սովորողների շրջանում և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները։
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, կարևորելով այս տիպի պայմանագրերի ստորագրումը, նշեց, որ հաշվի առնելով դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ավանդույթները, բուհը ստանձնում է այս դպրոցի հովանավորությունը` կարևորելով ավագ դպրոցների նախամասնագիտական ուղղվածությունը:
«Այս դպրոցը պետք է դառնա Կենտրոն վարչական շրջանի լավագույն դպրոցներից մեկն իր կրթական բովանդակությամբ, ծրագրերի մակարդակով, ինչպես նաև դառնա ճարտարապետական բուհի ապագա դիմորդների դարբնոց»,- ասաց նախարարը` հավելելով, որ ավագ դպրոցների կայացման համար պետք է ներգրավել ոչ միայն պետական, այլև գործընկերների, բուհերի, գործարարների և հովանավորների միջոցները, որպեսզի ավագ դպրոցներն իրականացնեն այն առաքելությունը, որի համար սկսվել է այս գործընթացը: «ԿԳ նախարարությունն առաջարկով դիմելու է ՀՀ-ի 300 խոշոր հարկատուներին` նախարարության հետ միասին մասնակցելու կրթության ոլորտի բարեփոխումներին»,- տեղեկացրեց նախարարը:
Նա հայտնեց, որ Ագրարային ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իր հովանու տակ վերցնել 5 կամ 6 մարզերում գործող ավագ դպրոց`աջակցելով ավագ դպրոցի կայացմանը:
Հ. Թոքմաջյանը նույնպես շատ կարևորեց այս հուշագիրը և նշեց, որ ավագ դպրոցների կայացման հարցը շատ կարևոր է, քանի որ աշակերտներն իրենց մասնագիտության ընտրությունը կատարում են հենց ավագ դպրոցում:
«Այս դպրոցում շատ արագ կկատարվեն բարեկարգման աշխատանքներ, որից հետո մեթոդաբանական նոր հիմքի վրա կսկսենք աշակերտների համար նոր կրթական համակարգի ներդրումը»,- ասաց նա:
Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Սահակ Լևոնյանի խոսքով, այս հուշագիրը շատ հուսադրող ապագա է խոստանում դպրոցին: Նա նշեց, որ այս հուշագրի ստորագրումով, կողմերը պարտավորվում են համատեղ կազմակերպել ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների և լեզուների ուղղություններով խորացված հոսքային ուսուցում, պատրաստել ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ՝ համալսարանում մասնագիտություն ստանալու ակնկալիքով, ինչն իրականացնելու նպատակով դպրոցում կազմավորվել են նպատակային տարբերակված դասարաններ։
Նշենք, որ թիվ 3 ավագ դպրոցը պարտավորվում է կազմակերպել համալսարանի մասնագետների և սովորողների միջև հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ համակարգչատեխնիկական, նյութագիտական, շինարարատեխնիկական և ճարտարագիտական թեմաներով, անցկացնել զրույցներ, բանավեճեր, գրավոր աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ և այլ միջոցառումներ։
Համալսարանն իր հերթին պարտավորվում է, ըստ անհրաժեշտության, նպատակային դասարաններում ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ապահովել համալսարանի համապատասխան մասնագետների ներկայությունը, ապահովել մեթոդական գրականություն, համալսարանի միջոցներով դպրոցում կատարել հիմնանորոգման, դասարանների արդիականացման և կահավորման աշխատանքներ։