Քաղաքապետարանն ու «Տաշիր» գրուպը կվերակառուցեն և կարդիականացնեն Երևանի կրկեսը
Այսօր քաղաքապետարանում, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի միջև համաձայնագիր է ստորագրվել` երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ: Դրա շրջանակում նախատեսվում է լայանածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով:
Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետն իր ելույթում կարևորել է քաղաքապետարանի և խոշոր բիզնեսի միջև ձևավորվող հարաբերությունները, որոնք սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի և քաղաքային տնտեսության կառավարման մեջ ու ընդգծել, որ մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման ու ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:
« Քաղաքային տնտեսության առանձին ոլորտներ, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, կարող են ավելի արդյունավետ կառավարվել մասնավոր հատվածի կողմից, իսկ այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասը կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին», -հավաստիացրել է Կ.Կարապետյանը:
Ինչ վերաբերում է բիզնես-միջավայրի ներկայացուցչին, ապա Ս.Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Տաշիր» գրուպը քաղաքապետարանին համարում է երկարաժամկետ և հուսալի գործընկեր: Իսկ ընկերության կողմից իրականացվող ծրագրերը բոլորովին նոր պայմաններ կստեղծեն մայրաքաղաքի բնակչության հարմարավետության ու հանգստի կազմակերպման առումով:
Նշենք, որ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Երևանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց , ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առևտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել և արդիականացնել Երևանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում:
Ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավելի քան 600 նոր աշխատատեղերի ստեղծում` սպասարկման ոլորտում։