Ոչ պետական որոշ բուհերի գործունեությունը կասեցվել է
Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում կասեցվել է մի քանի ոչ պետական բուհերի գործունեությունը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից, հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով.
Ամբողջովին կասեցվել են` 1/«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 288 լիցենզիայի գործողությունը,
2/Հայաստանում «Գերմանական համալսարան» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 1065 լիցենզիայի գործողությունը:
Մասնակի կասեցվել են`«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 791 լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով, ինչպես նաև` Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 167 լիցենզիայի գործողությունը` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» և «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով:
Դադարեցվել է Երևանի «Ալաշկերտ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 064 լիցենզիայի գործողությունը:
Հանձնաժողովը ի գիտություն է ընդունել «Ռոսլին» արվեստի ինստիտուտ» և «Երևանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միացումը «Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` հիմք ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 1 արձանագրությունը:
Ըստ աղբյուրի, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններին տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու և արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար: