Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Ի ամփոփումն սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի, փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր և ամերիկացիներ:
Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է փաստավավերագրական կինոժապավեն 1988-ի փետրվարին Սումգայիթում և 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանության մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառումը բացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փըլոնը, որ իր ելույթում դատապարտելով Սումգայիթի և Բաքվի կոտորածները, որակել է տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն և կոչ արել շարունակել աջակցությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին այս հարցում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, իր ելույթում կարևորել է ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների և հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, շեշտել է, որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերևս չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները: Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան և կդատապարտվեն մարդկության կողմից: Սումգայիթյան ոճրագործությունը իրենց ելութներում դատապարտել են նաև կոնգրեսականներ Աննա Էշյուն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը եւ ուրիշներ:
Միջոցառումն ավարտվել է Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն Արքեպիսկոպոս Հայկազյանի կողմից հնչեցված աղոթքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան