Պետական երկու բուհում կսկսվի փորձնական հավատարմագրում
Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը պետական երկու բուհում կսկսի փորձնական հավատարմագրում։
Այս մասին տեղեկացանք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աննախադեպ այս գործընթացին կմասնակցեն Երևանի ճարտարապետության և շինարարության պետական և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները։ Փորձնական գործընթացի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով մարտի 1-ին ՈԱԱԿ-ում երկու բուհերի ռեկտորների հետ տեղի է ունեցել հանդիպում։
Գործընթացի իրականացման համար հիմք կհանդիսանան քննարկման մի քանի փուլ անցած առայժմ նախագծային վիճակում գտնվող փաստաթղթերը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության որակի արտաքին գնահատման կարգ»։ Ըստ հավատարմագրման կարգի այս նախագծի, ուսումնական հաստատությունը նախ պետք է անցնեն ինստիտուցիոնալ փորձաքննություն, որի արդյունքում կուսումնասիրվի ու կհավաստվի բուհի ենթակառուցվածքների որակը։ Այն դրական արդյունքով հաղթահարելուց հետո միայն կսկվի մասնագիտությունների կրթական ծրագրերի հավատարմագրումը։ Նախատեսվում է յուրաքանչյուր բուհում իրականացնել մեկ ծրագրի հավատարմագրում, սակայն Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հ․Թոքմաջյանը պատրաստակամություն է հայտնել փորձնական հավատարմագրման ներկայացնել երեք կրթական ծրագիր։ Երկու հավելյալ ծրագրերի համար բուհը պատրաստ է ինքը հոգալ ծախսերը։
Ի դեպ, նշված երկու բուհերն էլ դեռևս նախորդ տարվանից ներգրավվել և մասնակցում են ՈԱԱԿ-ի նախաձեռնած փորձաքննության փորձնական երկու ծրագրերին։ Դրանց հիման վրա ու ՈԱԱԿ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում հաստատություններն այժմ իրականացնում են որոշակի շտկումներ, որոնք մեծապես կօգնեն հավատարմագրման գործում։
Կողմերը նաև հատուկ անդրադարձել են փորձնական հավատարմագրումը հրապարակային կազմակերպելու հարցին և պայմանավորվել են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ըստ հավատարմագրման կարգի նախագծի, բուհերից ստացված հայտերի համաձայն, առաջիկայում ՈԱԱԿ-ը նրանց հետ կկնքի պայմանագիր, որով էլ այդ բուհերի համար կազդարարվի անցումային շրջանով գործընթացի մեկնարկը։