ԿԳ նախարար. «Առաջիկայում Հայաստանում գործող ոչ պետական բուհերի թիվը դարձյալ կկրճատվի»
«Որոշ ոչ պետական բուհերին դեռևս հնարավորություն է տրվել շտկել առկա թերությունները»,-խոսելով մի շարք ոչ պետական բուհերի գործունեության կասեցման մասին, Panorama.am-ին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ այս կիսամյակի ընացքում ստուգում է անցկացվել 24 ոչ պետական բուհում: Եղել են որոշ բուհեր, որտեղ թերություններն այնքան շատ են եղել, որ այլընտրանք չի եղել և կասեցվել է դրանց գործունեությունը:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում կասեցվել է երկու ոչ պետական բուհի գործունեություն: Կասեցվել է նաև երկու բուհի մի քանի ֆակուլտետների լիցենզիայի գործողությունը, իսկ մեկ բուհի ռեկտորն ինքն է դիմել, որպեսզի կասեցվի իր բուհի լիցենզիայի գործողությունը:
Նախարար Ա. Աշոտյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ պետական բուհերի լիցենզավորման կարգերը խստացվել են, այժմ ստուգումներ են անցկացվում պարզվելու մասնավոր բուհերի գործունեության համապատասխանությունն արդեն իսկ խստացված կարգերին ու պայմաններին:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ տարին երկու անգամ ոչ պետական բուհերում ստուգումներ են անցկացվելու` պարզելու բուհերի գործունեության համապատասխանությունը լիցենզավորման կարգերին և պայմաններին:
«Այս տարի ոչ պետական բուհերում հաջորդ ստուգումն անցկացվելու է ամռանը, եթե լինեն բուհերի գործունեության կասեցման հիմքեր, ապա առանց վարանելու կասեցվելու են այդ բուհերի լիցենզիաները»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ եթե տարեսկզբին գործում էր 45 ոչ պետական բուհ, ապա այս պահին գործում է 40-ը: Որոշ ոչ պետական բուհեր միավորվել են` դառնալով մեկ ուսումնական հաստատություն, իսկ առաջիկայում ևս 7 ոչ պետական բուհ միավորվելու է, արդյունքում ևս 6 բուհով կկրճատվի ոչ պետական բուհերի քանակը:
«Մենք այժմ իրականցնում ենք զտման, որակի նվազագույն չափանիշների համապատասխանության գործընթաց: Սա ուշացած գործընթաց է, այն վաղուց էր պետք իրականացնել: 2009 թվականին Հայաստանում գործում էր 70 ոչ պետական բուհ, իսկ այսօր արդեն գործում է 40-ը»,- ասաց նախարարը:
Նախորդող նորություն` Ոչ պետական որոշ բուհերի գործունեությունը կասեցվել է