«Դպրոցական մեծ հանրագիտարանը» կթարգմանվի արևմտահայերեն
Հայկական հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է «Դպրոցական մեծ հանրագիտարանի» քառհատորյակը հրատարակել արևմտահայերենով:
Նա նշեց, որ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որպեսզի «Դպրոցական մեծ հանրագիտարանը» թարգմանվի արևմտահայերեն` սփյուռքում գործող շուրջ 500 հայկական կրթօջախի տրամադրելու համար:
Նրա խոսքով, քանի որ այսօր «Դպրոցական մեծ հանրագիտարանը» մեծ պահանջարկ է վայելում, դրա համար այժմ հրատարակվում է բոլոր հատորների լրացուցիչ տպաքանակը:
Անդրադառնալով «Հայկական սովետական հանրագիտարանի» վերահրատարակման հարցին` բանախոսը նշեց, որ այն վերահրատարակելու անհրաժեշտություն կա, քանի որ այն լի է ավելորդաբանություններով և կուսակցական շեշտադրումներով:
Նրա խոսքով, «Հայկական սովետական հանրագիտարանը» վերահրատարակելու հարցը պետք է լինի մեծ ազգային ծրագիր, որի իրականացման հարցը պետք է որոշի երկրի նախագահը կամ Ազգային Ժողովի նախագահը, քանի որ հրատարակության համար խոշոր գումարներ են անհրաժեշտ:
«Արդեն 5 տարի առաջարկություն է արվում «Հայկական սովետական հանրագիտարանը» վերահրատարակելու համար և 5 տարի ստանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության պատասխանը` միջոցներ չկան»,- ասաց Հովհաննես Այվազյանը: