Ֆրանսիացի նախկին ուսուցիչները Հայաստանում վերապատրաստումներ կանցկացնեն
Այս տարի ևս «Թոշակառու Մանկավարժներ Առանց Սահմանի (GREF)» ֆրանսիական կազմակերպության 12 անդամներ, ֆրանսերենի նախկին ուսուցիչներ, մարտի 7-ից ապրիլի 17-ը, արդեն տասներեքերորդ անգամ, կժամանեն Հայաստան, Հանրապետության ողջ տարածքում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում անցկացնելու համար :
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ նրանց առաքելությունը կսկսվի մարտի 7-ին, ժամը 10-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունում կայանալիք աշխատանքային ժողովով, այնուհետև Դեսպան Անրի Ռենոյի հրավերով կկայանա ճաշ հայ և ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ :
GREF-ը գործել է Հայաստանում 1996-2000թթ.-ին, ապա վերսկսել է իր գործունեություն 2005թ.-ից, ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: 2010թ.-ին Հայաստանի պետական և տեղական կառավարման մարմինների, ֆրանսաիական քույր քաղաքների և Ֆրանսիայի Դեսպանության շնորհիվ Ստեփանավանի, Վանաձորի, Գյումրիի, Արթիկի, Մաստարայի, Չարենցավանի Հրազդանի, Գորիսի և Երևանի 184 ուսուցիչներ կարողացան մասնակցել GREF-ի վերապատրաստման դասընթացներին :
GREF-ը ստեղծվել է 1990թ.ին և գործունեություն է ծավալում ողջ աշխարհումª վերապատրաստման ու զարգացման իր ծրագրերով: ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Կրթության Ազգային Ինստիտուտի համագործակցությամբ GREF-ը մանկավարժական և լեզվաբանական վերապատրաստումներ է անցկացնում ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
Բոլորովին վերջերս, մասնագիտական վարժարանների վերաբացմանը զուգընթաց, դասընթացներ են սկսվել տեխնիկական ֆրանսերենի դասավանդման բնագավառում:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի (14/03- 21/04) նախօրեին GREF-ի պատվիրակության ժամանումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման պահպանմանը և զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորության մասին: