Գործարկվել է Mediamax.am նոր պորտալը
Մեդիամաքս ընկերությունը այսօր հայտարարել է իր www.Mediamax.am կայքի վերագործարկման մասին, որն այսուհետ հանդիսանում է տեղեկատվական պորտալ` էլեկտրոնային թերթի տարրերով:
«Մեդիամաքսը ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ և հարուստ փորձ: Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրությանը տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների միջոցով, այլև անմիջականորեն»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:
Մեդիամաքսի առաջին ինտերնետային պորտալը` www.Auto.am-ը, գործարկվել է 2003թ.: Այսօր Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգը ներառում է 4 հաջողված և լավ մոնետիզացված նախագիծ` www.Auto.am, www.Banks.am, www.Itel.am և www.Bravo.am:
«Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի ամենառեյտինգային պորտալները ավտոմեքենաների, ֆինանսական շուկայի, IT-ի և հեռահաղորդակցությունների, ինչպես նաև ժամանցի ոլորտում: Վստահ ենք, որ www.Mediamax.am հասարակական-քաղաքական պորտալի գործարկումը կհամալրի հաջողված նախագծերի ցանկը և ավելի կամրապնդի Մեդիամաքսի դիրքերը ՀՀ ինտերնետային շուկայում»,- ասել է Արա Թադևոսյանը:
Ինչպես և ընկերության մյուս ինտերնետային նախագծերի դեպքում, www.Mediamax.am պորտալում հիմնական շեշտը կդրվի սեփական եզակի բովանդակության վրա` նորություններ, վերլուծություն, բացառիկ հարցազրույցներ համաշխարհային առաջատար քաղաքական գործիչների հետ:
Մեդիամաքսը նաև համագործակցության է հրավիրել տեղի և օտարերկրյա հեղինակներին, ովքեր պարբերաբար սյունակներ կգրեն www.Mediamax.am-ի համար:
Պորտալում ներկայացված կլինի նաև լիցենզավորված արտասահմանյան բովանդկություն: Մեդիամաքսը Project Syndicate միջազգային սինդիկատի կողմից բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում ներկայացնել մեկնաբանություններ, որոնք գրում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի տնտեսագետներն ու քաղաքագետները: Project Syndicate-ը միավորում է շուրջ 500 ԶԼՄ աշխարհի 150 երկրներում:
Բացի դրանից, ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանավորվածությունների շրջանակներում Մեդիամաքսը բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում հրապարակել «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները` գրված հայտնի ամերիկացի, եվրոպացի և թուրք հեղինակների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է