Մեկնարկեց Orange-ի կողմից հայտարարված Նորարարության մրցույթը
Այսօր մեկնարկեց Orange-ի կողմից հայտարարված Նորարարության մրցույթը` հեռահաղորդակցության ոլորտում լավագույն նորարարական առաջարկի համար: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ նրա, մրցույթին կարող են մասնակցել Երևանի պետական համալսարանի և Պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 4-րդ և ավելի բարձր կուրսերի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։ Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակ ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և կաշխատի նորարական նախագծերի վրա:
Բ. Դյութուան նշեց, որ մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի երիտասարդ տաղանդներին, հնարավորություն տալ նրանց ինքնադրսևորվելու, ցույց տալու իրենց ուժերն ու կարողությունները, ինչը հնարավորություն կտա հայտնաբերել նորարարական և հետաքրքիր գաղափարներ հեռահաղորդակցության ոլորտում:
«Հայ երիտասարդներն ունեն նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, ցանկություն և գիտելիքներ: Այս երիտասարդներին հաճախ պակասում է միայն մի բան` փոքրիկ հնարավորություն, փայլուն նախագծերի հեղինակը դառնալու և իրենց դրսևորելու համար: Վստահ եմ, որ մրցույթի հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ և օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին»,- ասաց Բ.Դյութուան:
Նշենք, որ մրցույթին կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում` էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին և ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այս լեզուներին բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա