Միջազգային հանձնաժողով. Ադրբեջանը նախկինի պես թմրանյութերի տարանցիկ երկիր է մնում
Թմրանյութերի վերահսկողության միջազգային հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը նախկինի պես թմրանյութերի տարանցիկ երկիր է հանդիսանում, որտեղ շարունակվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության լայնամասշտաբ չարաշահումները:
Այս մասին ասված է կառույցի պաշտոնական կայքէջում զետեղված զեկույցում, որտեղ ամփոփված են 2010 թ-ի կառույցի դիտորդների իրականացրած այցերը Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իսրայել ու Լիբանան:
«Չնայած ձեռնարկված որոշ միջոցառումների, Ադրբեջանը արգելված թմրանյութերի տարանցիկ երկիր է հանդիսանում», - ասված է զեկույցում:
Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամրապնդել իրավապահ մարմինների գործունեությունը, սահմանային վերահսկողությունն ու խնդրի առնչությամբ տարածաշրջանային համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը:
Ըստ հրապարակման, 2009 թ-ին 2008 – ի համեմատությամբ Ադրբեջանում հերոինի առգրավման ծավալն աճել է 63 տոկոսով (144 կգ-ից 235 կգ):
Բացի այդ, հանձնաժողովը կոչ է անում երկրի կառավարությանը պրոֆիլակտիկ աշխատանքներ ծավալել թմրանյութերի չարաշահման երևույթների դեմ՝ միաժամանակ ապահովելով նարկոդիսպանսերների անհրաժեշտ քանակություն երկրում: