«Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
Ողջունելով ներկաներին և մասնակիցներին, Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել էր 2008 թվականին։ «Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը: Նմանատիպ միջոցառումների միջոցով փորձում ենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների և նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում»,-նշեց Կարեն Վարդանյանը:
«Գծին հետևող ռոբոտ» մրցույթին այսօր մասնակցում էր 4 թիմ, նրանք ժյուրիի անդամներին ներկայացնում էին գծին հետևող ռոբոտի իրենց մոդելը: Յուրաքանչյուր թիմ նախագծել և պատրաստել էր ռոբոտ, որը շարժվում է սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ և անցնում է 270մմ բարձրությամբ թունելի միջով:
Ներկայացվող ռոբոտները պետք է համապատասխանեին նաև հետևյալ չափորոշիչներին՝ քաշը` մինչև 4,5 կգ, լայնություն` 18սմ x18սմ, բարձրություն` 27սմ:
Մրցույթի մասնակից ԵՊՀ ուսանող Վազգեն Առաքելյանը նշեց, որ մրցույթին մասնակցում է արդեն 3 տարի և այս անգամ համոզված է, որ կհաղի իր թիմը: «Թեև փորձարկման սկզբում մի փոքր տեխնիկական խնդիր եղավ, սակայն մեզ հաջողվեց լավագույն կերպով ներկայացնել ռոբոտի մեր մոդելը: Այս անգամ մեր թիմը շատ լուրջ էր պատրաստվել և կարծում եմ, որ որպես հաղթող թիմ վաղը կհնչի մեր թիմի անունը»,-ասաց Վազգեն Առաքելյանը:
Վաղը տեղի կունենա իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտների մրցույթը, որից հետո կամփոփվեն 2 մրցույթների արդյունքները:
Նշենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) մրցույթների գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է