«Կենգուրու 2011»-ին այս տարի առաջին անգամ կմասնակցեն նաև Արցախի աշակերտները
Այս տարի «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին առաջին անգամ մասնակցելու հնարավորություն են ստացել նաև Արցախի դպրոցականները: Այս տարի մրցույթին մասնացելու են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի 13 դպրոցի շուրջ 700 աշակերտ: Այս մասին Panorama.am-ին ասաց «Կենգուրու» ծրագրի ղեկավարի օգնական Շողիկ Մկրտչյանը:
Իսկ Հայաստանից այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 870 դպրոցից 36 հազար աշակերտ:
Բանախոսը նշեց, որ այս տարի «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 17-ին: Մրցույթին մասնակցելու են 3-11-րդ դասարանների աշակերտները:
Նշենք, որ աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը եղել է փետրվարի 18-ը:
Նրա խոսքով, մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի առաջին կեսին, իսկ մայիսի վերջին կկազմակերպվի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Շողիկ Մկրտչյանի խոսքով, այս տարի մրցույթի հաղթողը նույնպես կստանա միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին, հանգստանալու ուղեգիր: Իսկ բարձր միավորներ վաստակած աշակերտները կստանան խրախուսական մրցանականեր:
Նշենք, որ անցած տարի մրցույթում հաղթել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը և Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը: Հաղթողներն իրենց ամառային արձակուրդներն անցկացրել են Բուլղարիայում կազմակերպված միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` արդեն մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ, և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Անցած տարի մրցույթին մասնակցել է շուրջ 40 հազար դպրոցական:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: