Լևոն Արոնյան. «Այն արդյունքները, որ մենք ստացանք հավաքի ընթացքում, կարևոր էին»
Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբի հյուրն էր հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա արդեն ավարտել է Ծաղկաձորում պլանավորած ուսումնամարզական հավաքը և պատրաստվում է մայիսի 3-ին Կազանում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցակցությանը:
«Ես արդեն մեկ ամիս է` Հայաստանում եմ, և այս ժամանակահատվածն օգտագործեցի մարզվելու համար,- նշեց նա:- Կարծում եմ` կոռեկտ չէ հնչեցնել բոլոր այն խաղացողների անունները, ովքեր աշխատել են ինձ հետ հավաքի ընթացքում: Մեծ թվով ընկերներ են ինձ օգնում` նախապատրաստվելու համար հավակնորդների մրցաշարին: Հանրապետության նախագահը, ով ղեկավարում է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիան, աջակցում է ինձ ամեն ինչում` կազմակերպելով հավաքներ և ապահովելով համապատասխան տեխնիկայով:
Շատ գրքեր եմ կարդում: Այս պահին մի քիչ դժվար է կարդալը, քանի որ մարզումների գործընթացի մեջ էի, և ձեռքս գիրք վերցնելու ժամանակ պարզապես չունեի: Վերջերս, ի դեպ, տնտեսական գիրք էի կարդում: Ուզում էի պարզապես հասկանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեր կյանքում:
Մայիսի 3-ին Կազանում կմեկնարկի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչը: Իմ մրցակիցն է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը: Նրա հետ շատ եմ խաղացել, և մեր պարտիաները միշտ էլ հետաքրքիր պայքարում են անցել: Կարծում եմ` այս անգամ նույնպես հետաքրքիր մրցակցություն է սպասվում: Գրիշչուկի ոճն ինձ դուր է գալիս:
Ես շախմատում և կյանքում չեմ սիրում ինչ-որ բան խնայել կամ թաքցնել: Միշտ փորձում եմ դրսևորել բոլոր հնարավորություններս: Ուստի ճիշտ կլինի ասել, որ իմ խաղում լուրջ փոփոխություններ չեն լինի: Ուրախ եմ միայն, որ իմ խաղը հիմա որակ է ձեռք բերել: Վեյկ ան Զեեում Գրիշչուկը, ի դեպ, 11-րդն էր, բայց նա, վստահ եմ, չէր ուզում այդպիսի ցածր արդյունք արձանագրել: Պարզապես նրա խաղը չստացվեց: Չեմ կարծում, որ այս անգամ Գրիշչուկի խաղը նույնը կլինի:
Առջևում «Ամբեր» մրցաշարն է, որը, ճիշտ է, կարևոր է, բայց որոշիչ չէ: Շախմատիստները պարզապես կփորձեն հետաքրքիր խաղալ և պարզել, թե ով է ավելի հնարամիտ ու ճարպիկ:
Այն արդյունքները, որ մենք ստացանք հավաքի ընթացքում, կարևոր էին: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ հասցրեցինք, բայց մեծ աշխատանք կատարեցինք: Խնդիրներ կային, որոնք լուծում ստացան: Ժամանակը ցույց կտա, թե որքանով են մեր լուծումներն արդյունավետ»:
Վերջին մրցաշարերում Արոնյանը նաև կայուն ելույթներ է ունենում: Արդեն երկար ժամանակ է` պարտություն չի կրել, իսկ երկու-երեք ոչ-ոքիից հետո, որպես չգրված կանոն, հաղթանակ է տոնում: Այսպես արդյոք պատահակա՞ն է ստացվում, թե Արոնյանը գործում է ընտրված որոշակի ռազմավարության շրջանակներում: Պատասխանելով մեր թղթակցի այդ հարցին` Լևոն Արոնյանը, մասնավորապես նշեց. «Հատուկ չեմ պլանավորել: Այդպես պատահական է ստացվում: Ես բոլոր պարտիաներում էլ ուզում եմ լավ խաղ ցուցադրել: Իսկ այն փաստը, որ չեմ պարտվում, ուրախացնում է ինձ»:
Հայ գրոսմայստերը համոզված է նաև, որ հավակնորդների մրցաշարում առաջին հերթին սառնասրտություն է պետք` հաղթանակ տոնելու համար: Կազանում ի դեպ, նրան կօգնեն Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, իսկ մյուս օգնականները կմնան իրենց երկրներում և Լևոն Արոնյանին կօգնեն ինտերնետային կապի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են