Մամուլի համաշխարհային ինստիտուտը դատապարտել է թուրքական իշխանությունների վարքագիծը
«Մամուլի համաշխարհային ինստիտուտը» իր խորին մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել օրերս Թուրքիայում տեղի ունեցած 11 լրագրողների ձերբակալության կապակցությամբ` պատկան մարմիններին կոչ անելով շտապ ազատ արձակել նրանց:
Թուրքական իշխանությունների նման վարքագիծը խստորեն դատապարտած հիշյալ ինստիտուտն անընդունելի է համարել իրենց մասնագիտական աշխատանքը կատարած, ազատ արտահայտվելու կամք դրսևորած, թեկուզև քննադատական հայացքներ ցուցաբերած լրագրողներին կալանավորելու հանգամանքը:
Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» օրաթերթը:
Նշենք, որ «Էրգենեքոն»-ի գործով ընթացող դատավարության շրջանակներում ձերբակալված Թուրք 11 լրագրողների թվում է նաև Հրանտ Դինքի սպանության մասին երկու գիրք հեղինակած, համաշխարհային մամուլի ազատության հերոս տիտղոսին արժանացած Նեդիմ Շեները: