Սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմ. նվեր հայ կանանց
Բրիտանական խորհուրդը Հայաստանի կանանց համար նվեր է պատրաստել. Մարտի 8-ից 13-ը Երևանում կազմակերպելու է բրիտանական ֆիլմերի փառատոն: Նույն փառատոնը կազմակերպվելու է նաև Վանաձորի ու Կապանի կանանց համար` 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում:
Ինչպես տեղեկացնում են Բրիտանական խորհրդի լրատվական ծառայությունից, կանանց միամսյակին ընդառաջ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով: Տեղեկացնում են, որ «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարը ոգեշնչող և բարի պատմություն է բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ:
Կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»:
Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարևոր և էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են:
Փառատոնի հյուրն է լինելու հեռարձակման, կապի և միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար և սեմինարներ Վանաձորում ու Կապանում: Մարտի 10-ին փառատոնի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ:
Ֆիլմերը Երևանում կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում ժամը 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին հայերեն ենթագրերով: Վանաձորում ֆիլմերը կցուցադրվեն Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 15.00-ին, իսկ Կապանում`Մշակույթի կենտրոնում ժամը 16.00-ին: Մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին