ՀԲ-ի կողմից վերջնական հաստատման փուլում է գտնվում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկը
Ներկայումս Համաշխարհային բանկի կողմից վերջնական հաստատման փուլում է գտնվում ««Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործառնական ձեռնարկը: Ինչպես panorama.am-ի թղթակցին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) փոխտնօրեն Ժենյա Ազիզյանը, գործառնական ձեռնարկը մշակվել է պիլոտային ծրագրի հիմնական փուլի արդյունքների հիման վրա: Դրանով կսահմանվեն համակարգիչների արտադրողների ընտրության չափանիշները, վարկերի տրամադրումը, խանութների ցանցը և այլն:
«Փաստաթղթի ստորագրումից հետո կարելի է սկսել գործողությունները: Սակայն, որևէ խնդիր չկա, համակարգիչները դեռ պիլոտային փուլից շարունակաբար վաճառվում են, այսինքն` համակարգիչների վաճառքի ընթացքը չի դադարել»,- նշեց Ժ.Ազիզյանը:
Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), USAID CAPS-ի, Հյուլեթ Պակարդ, Յունիքոմփ, Մայքրոսոֆթ ընկերությունների և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից: Ծրագրի պիլոտային փուլից հիմնական փուլ ներդաշնակ անցնելու և ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին: Ծրագրի իրականացման համար 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի նաև ՀԲ-ը:
Ժ.Ազիզիյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Ըստ նրա, քարտեզագրվել է հանրապետության տարածքը և նախատեսվում է` վաճառակետերը հասցնել 100-ի, սակայն այդ գործընթացը փուլ առ փուլ է իրականացվելու: «Այսինքն` հնարավորինս փորձում ենք ծածկույթը ընդլայնել»,- նշեց Ժ.Ազիզիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է