Դուշման Վարդանի ծննդյան օրն է. «Նա մարդասեր էր` հատկապես գերիների նկատմամբ»
Այսօր արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է: Այսօր ազատամարտիկի մարտական ընկերներ Դավիթ Ամալյանը, Իգոր Սարգսյանը և Սամվել Սմբատյանը իրենց հուշերը կիսեցին լրագրողների հետ:
Դուշման Վարդանի մարտական ընկեր Սամվել Սմբատյանի խոսքով, Դուշման Վարդանը տեսել է պատերազմների ամենադաժան տեսարանները, այդ պատճառով էլ այդքան բարի ու կարեկից մարրդ էր:
«Վարդանը չէր սիրում դատարկ հայրենասեր երևալ, նրանից երբեք չէինք լսի Սասունն ու Տարոնն ազատագրելու մասին կոչեր»,- ասաց նա և հավելեց, որ Դուշման Վարդանը ամպագոռգոռ հայտարարություններ չէր անում, միաժամանակ իր ամեն քայլով ապացուցում էր, որ հենց այդ նպատակների` պատմական հայրենիքի ազատագրման համար է մարտնչում և ընկավ` հանուն այդ հայրենիքի: Նրա խոսքով, Վարդանը մարդասեր էր. հատկապես գերիների նկատմամբ:
Սամվել Սմբատյանը նշեց, որ Վարդանի առաքինի կերպարը փոխանցվում էր իր բոլոր մարտական ընկերներին ու ստիպում հետևել իր օրինակին:
«Կան անուն-ազգանուններ, որոնք այնքան ամբողջական են, որ բնորոշող բառերի կարիք չունեն: Այդ անուն-ազգանուններից մեկը Վարդան Ստեփանյանն է»,- ասաց ազատամարտիկի մարտական ընկեր Դավիթ Ամալյանը:
Նշենք, որ այսօր կլրանար Վարդան Ստեփանյանի 45-ամյակը: Վարդանը մահացել է 1992 թվականի հուլիսի 3-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան