Ս. Հարությունյան «Երիտասարդներին գիտության ոլորտում պահելու համար նրանց պետք է բարձր աշխատավարձ տալ»
«Գիտության ոլորտում առկա խնդիրներն այսօր բազմաթիվ են: Հայաստանում այս ոլորտում ֆինանսավորման ծավալները բավականին փոքր են: Պետբյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմում է 9,4 մլրդ դրամ, ինչը շատ քիչ է»,- անդրադառնալով գիտության ոլորտի հիմնախնդիրներին, այսօրվա ասուլիսում ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր մեր գիտատեխնիկական բազան թարմացման կարիք ունի, եղած սարքավորումները բավականին հին են, իսկ թարմացման համար բավականին լուրջ գումարներ են անհրաժեշտ:
Ս. Հարությունյանն անդրադառնալով գիտության ոլորտում կադրերի երիտասարդացման խնդրին, նշեց, որ գիտությամբ զբաղվելու համար` երիտասարդներին քաջալերելու նպատակով, ՀՀ գիտության պետական կոմիտեն անցկացնում է հատուկ երիտասարդների համար գիտական թեմաների մրցույթներ:
«Սակայն այս մրցույթները բավարար չեն, երիտասարդներին գիտության ոլորտում պահելու համար նրանց պետք է բարձր աշխատավարձ տալ, քանի որ դա այն կարող ուժն է, որ պետք է կերտի մեր ապագան, եթե մենք չկարողանանք նրանց պահել, ապա կունենանք լուրջ կորուստներ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, մյուս խնդիրն այն է, որ Հայաստանում 35-45 տարեկան գիտնականները շատ փոքր թիվ են կազմում: Խնդիրն առկա է, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև ԱՊՀ շատ երկրներում:
Ս. Հարությունյանն նշեց, որ նախկինում թեմատիկ ֆինանսավորվող թեմաների ղեկավարների փոփոխություն տեղի չէր ունենում, միշտ նույն մադիկ էին ֆինանսավորում, իսկ ղեկավարների միջին տարիքը տատանվում էր 60-66 տարեկանը:
«Իսկ այս տարի անցկացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթի պատկերն այլ է, որը ես նվաճում եմ համարում: Այս տարի մրցույթի արդյունքում առաջացել է 25-30 տարեկան երիտասարդ ղեկավարների մի խումբ: Այս մրցույթում թեմաների մոտ 10 տոկոսի ղեկավարները եղել են 25-30 տարեկան երիտասարդներ»,- ասաց բանախոսը:
Այսպիսով, ըստ նրա, թեմատիկ ֆինանսավորվող թեմաների ղեկավարների միջին տարիքը, նախորդ տարիների համեմատ 10 տարով երիտասարդացել է` դառնալով 55-56 տարեկանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան