Հնդկաստանում 4 հազար հայկական հուշարձան են հայտնաբերել
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերջերս է վերադարձել Հնդկաստանից: Հուշարձանագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հնդկաստանի տարբեր քաղաքներում իր խմբի կատարած ուսումնասիրության արդյունքները:
Այսպես` 17-րդ դարի սկզբներից մինչ օրս հայտնաբերվել է 4000 հայկական հուշարձան: Ուսումնասիրություններից հետո խումբը Հայաստան է վերադարձել 5200 լուսանկարներով: Ս. Կարապետյանը նշեց, որ հնդկահայ գաղութի հուշարձանների ուսումնասիրություն առաջին անգամ էր կատարվում ու դրա համար նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը, մասնավորապես, մշակույթի նախարարությանը` աջակցության համար:
«16-րդ դարից հայերը տարածվել են Հնդկաստանի խորքերում, հիմնականում, Նոր Ջուղայեցիներ էին: Այս մասին փաստում են հենց ամենահին երկու եկեղեցիները` որոնք հիմնադրվել են 16-րդ դարում են, իսկ ամենահին խաչքարը գերեզմանոցներից մեկում տեղադրվել է 1611 թվականից»,-ասաց հուշարձանագետը:
Ըստ նրա, ներկայում Հնդկաստանում շատ քիչ հայեր են ապրում ու այդ իսկ պատճառով հետազոտությունները դժվար են եղել: Նա նույնիսկ նշեց, որ Կալկաթայում, որտեղ 200 հայ է ապրում, միայն 80-ամյա մի ծերուն է հայերեն խոսում, մյուսները անգլախոս են կամ խոսում են հնդկերեն:
Բայցևայնպես, բանախոսը նշեց, որ Կալկաթայում գործում է հայկական թեքումով անգլիական պետական դպրոց: Իսկ Կալկաթահայ համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Խորենը հայապահպանության փորձեր է անում, ու Հնդկաստանի մյուս քաղաքաներում գործող մի քանի հայկական եկեղեցիներում նրա աջակցությամբ նշում է հայկական տոները:
Ի դեպ, նա նշեց, որ հայկական եկեղեցիներ են այցելում նաև քրիստոնյա հնդիկները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին