«FREEDOM HOUSE». Ակտիվիստների ձերբակալություններն Ադրբեջանում ուժգնացնում են սոցիալական դժգոհությունները
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է արտահայտել Ադրբեջանում շարունակվող երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ համբերություն ցուցաբերել և հարգել հավաքներ անցկացնելու իրավունքը:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունը կարծում է, որ պատգամավորության նախկին թեկնածու Բախտյար Գաջիևի ձերբակալությունը պաշտոնական ճնշում է նրա նկատմամբ, իսկ ակտիվիստներ Սախավաթ Սոլթանլիի և Ռաշադ Ահունդովի ձերբակալությունները բացահայտ քաղաքական դրդապատճառներ են պարունակում:
«Freedom House»-ի տնօրեն Դեվիդ Կրամերը հայտարարել է, որ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները միջազգային հանրության շրջանում մեծ քննադատության կարժանանան:
«Երիտասարդ ակտիվիստների շարունակվող ձերբակալությունները խոսում են ոչ թե իշխանությունների հզորության, այլ թուլության մասին»,- ասել է նա:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև դատապարտել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ադրբեջանական իշխանությունների մտցված սահմանափակումները: