Թուրքիայի հայերը պատրաստվում են հայց ներկայացնել Եվրադատարան` ընդդեմ թուրքական պետության
«Բիթլիսի, Բաթմանի, Վանի, Մուշի և Սասունի հայերին օգնելու միությունը» հիմնադրամի վերածելու հայերի ցանկությունը լուրջ խոչընդոտների է հանդիպում Թուրքիայում:
Այս մասին, ըստ թուրքական «Vatan» պարբերականի, հայտարարել է միության նախագահ Ազիզ Դաղջըն:
«Թուրքիայի Հանրապետությունը խոչընդոտում է, որ հայ, հույն կամ հրեա քաղաքացիները ստեղծեն նոր հիմնադրամներ: Մեր այդ իրավունքը պաշտպանելու համար պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` թուրքական պետությունից պահանջելով 500 հազար եվրո փոխհատուցում»,- ասել է Դաղջըն:
Նա նաև տեղեկացրել է, որ Ստամբուլի քաղաքացիական առաջին ատյանի դատարանը չի բավարարել իրենց ներկայացրած վերոնշյալ հայցը` հետևյալ պատճառաբանությամբ. «Հայկական համայնքի կրոնական ու կրթական գործունեությունը կարգավորում են համապատասխան նախարարական գերատեսչությունները: Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայերը չեն կարող համայնքի անունից Թուրքիայում հիմնել կրոնական կամ լեզվական ուղղվածության հիմնադրամ»: