«Թուրան». Բաքվի կենտրոնում ոստիկանների և ցուցարանների միջև անողոք բախումներ են տեղի ունեցել
Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Մուսավաթ» և Ժողովրդական ճակատ կուսակցության մի քանի հարյուր մարդու հասնող բողոքի ակցիան, ինչն ուղեկցվել է ոստիկանների ու ցուցարարների միջև անողոք բախումներով:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Լրատվականի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացրել է, որ ոստիկանները ծեծի միջոցով ցրում են ցուցարարներին, բռնությամբ նստեցնում ոստիկանական մեքենաները և տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Հանրահավաքի մասնակիցների մի մասը հավաքվել է Բաքվի հրապարակներից մեկում և «Կորչի ալիևյան ռեժիմը», «Քադդաֆիի հարազատներ՝ հեռացեք Ադրեջանից» կարգախոսների ներքո շարունակում ակցիան:
Ոստիկանությունը ձերբակալել է «Մուսավաթ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արիֆ Գաջիլիին և կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Թուրալ Աբբասլիին: Նրանցից բացի մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, սակայն ոստիկանությունն այս պահին չի տիրապետում իրավիճակին և անընդհատ ոստիկանական ջոկատներ են մտցվում մայրաքաղաք: