«Վիզուալ հաշվարկ»` մագիստրոսական ծրագրի բաց դռների օր
Այսօր ԵՊՀ-ում կանցկացվի կրկնակի դիպլոմներ շնորհող «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի բաց դռների օրը: Այս մասին տեղեկացանք Երևանի Պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Աշխարհի ընդամենը 5 համալսարանների կողմից առաջարկված կրթական այս նախագիծը Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Ռոստոկի համալսարանի (ՌՀ) ինֆորմատիկայի և էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի (Գերմանիա) համատեղ ծրագիրն է, որն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու Երևանում և Ռոստոկում ու հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալու ԵՊՀ-ի և ՌՀ-ի դիպլոմներ: 2010 թ-ին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից:
Միջոցառման ընթացքում նախագծի հայաստանյան համակարգող ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը և ծրագրի պատասխանատու պրոֆեսոր Օլիվեր Ստադը, ԵՊՀ-ի և ՌՀ-ի դասախոսական կազմը և աշխատակիցները ծրագրի մասին կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն: Փորձի փոխանակման նպատակով ներկաները կհանդիպեն նաև ուսանողների հետ:
Միջոցառման առաջին հատվածը կանցկացվի ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Իսկ ավելի ուշ միջոցառումը կշարունակվի ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում, որտեղ ներկաները հնարավորություն կունենան տեղում տեսնելու, թե ինչ և ինչպես են սովորում ուսանողները:
ԵՊՀ-ի և ՌՀ-ի ներկայացուցիչներից բացի` միջոցառմանը ներկա կլինեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսական աճի բաժնի տնօրեն Քոնան Պայսենը (Conan Peisen), Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆեր Բրյունիգը (Christoph Breunig), Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մշակութային կցորդ Մացեյ Ֆալկովսկին (Maciej Falkowski):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան