Թուրքիայի հայերը դեռևս վախենում են խոսել իրենց ինքնությունից. Հարցազրույց Միրան Փրկիչ Գյուլթեքինի հետ
Դեռ 4 ամիս առաջ Թուրքիայի Թունջելի նահանգի հայերը հիմնեցին «Դերսիմցի հայերի հավատքի և օգնության միություն»: Կազմակերպության նպատակը հայապահպանությունն է, հոգևոր և մշակութային արժեքների վերականգնումը: Միության նախագահն ազգությամբ հայ հիսնամյա Միրան Փրկիչ Գյուլթեքինն է, ով նախ դավանափոխ է եղել, մկրտվել, ապա իրեն առաջարկվածներից ընտրել Միհրան Փրկիչ անունը:
Գյուլթեքինը վերջերս Երևանում էր: Նա բացառիկ հարցազրույց է տվել «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքին:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:
-Դերսիմում քա՞նի հայ է դավանափոխվել և քրիստոնեություն ընդունել:
-Ցավոք, այս պահին ստույգ թիվ ասել չեմ կարող: Մենք 4 հոգով ենք նախաձեռնել այդ գործը: Այնուհետև գործին միացավ թուրքական մամուլը, մասնավորպես «Ռադիքալ» թերթը, անդրադառնալով մեր դավանափոխությանը` դարձի գալուն, «հայերը վերադառնում են իրենց արմատներին» վերնագրով նյութ հրապարակեց: Դրանից հետո մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Ադիյամանում, Բիթլիսում և այլ վայրերում բնակվող ծպտյալ հայերը նույնն են անում: Դերսիմցի հայերն իրենց ինքնության մասին չեն խոսում, որովհետև վախենում են: Անհրաժեշտ է հաղթահարել ու վերացնել այդ վախը:
-Ի՞նչ ճանապարհով է կարելի հաղթահարել այդ վախը:
-Իմ հիմնած կազմակերպության միջոցով: Օրինակ` ես դա արեցի, և ինձ ոչ մի բան չեղավ:
-Ձեր այս նախաձեռնությունը վտանգ պարունակո՞ւմ է:
- Այն, ինչ ես անում եմ, մարդու իրավունքների սահմաններում է: Ի վերջո, ես ուզում եմ վերադառնալ իմ պապերի ինքնությանը, իմ հավատքին և չեմ կարծում, որ սա կարող է որևէ խնդիր առաջացնել: Բայց եթե նույնիսկ խնդիրեր ծագեն, ապա դրանց լուծման գործն արդեն պետությանն է:
-1937-38թթ Դերսիմի ջարդերի ժամանակ հայեր սպանվե՞լ են:
-Հայերն հիմնականում արտաքսվել են, նաև սպանվել են, բայց համեմամատաբար քիչ թվով, քան քրդերը:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դերսիմցի հայերն ի՞նչ դեր կարող են ունենալ:
-Ուշի ուշով հետևում ենք հայ-թուրքական հարաբերություններին: Եթե Թուրքիան ցանկանում է շտկել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա պետք է հատուցի ցեղասպանության դիմաց: Նույնիսկ եթե չհատուցի էլ, ուրեմն ստիպված է ընդունել այդ իրողությունը և ներողություն խնդել: Ու եթե դա արժանավայել ձևով կարողանա անել, մենք ուրախությամբ կաջակցենք այս գործին:
-Դերսիմի հայերը ցանկություն ունե՞ն այցելելու Հայաստան
-Կարելի է ասել դրա մասին բոլորն են երազում: Բոլորն ուզում են տեսնել Հայաստանը և հարմար առիթը բաց չեն թողնի: Եթե մեր կազմակերպությունը կարողանա ֆինանսական աջակցություն ստանալ , ապա ես նրանց կբերեմ այստեղ:
Վերջում Գյուլթեքինը պատմեց Հայաստանում ստացած տպավորությունների մասին. «Ես Երևանն այսպես չէի պատկերացնում: Փողոցներով քայլելիս նկատեցի, որ այստեղի հայերը շատ նման են Դերսիմի հայերին, այդ փաստը ինձ երջանկացրեց: Կարծես թե Դերսիմում լինեմ: Հայերը շատ աշխատասեր են և ցանկացած վայր, որտեղ նրանք ապրում են, շենացնում ու ծաղկեցնում են: Այստեղի շենքերը տեսնելով` ինքս ինձ ասացի. «Նման գեղեցկություն միայն հայերը կարող են ստեղծել, ուրիշ ոչ ոք…Հա, մի բան էլ, աշխարում ամենագեղեցիկ աչքերը հայ աղջիկների աչքերն են…»:
Հարցազրույցը «Էրմենիհաբեր»-ի համար վարեց Աստղիկ Իգիթյանը
Թարգմանությունը` Panorama-am-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան