Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնանում է. նա հացադուլ հայտարարեց
«Լրագրողը մոտեցավ և հարցրեց` ձեր իմիջը փոխե՞լ եք: Այո, մի քանի սպիտակ մազեր կային մորուքիս մեջ և ես թրաշեցի: Գուցե թարմանալու, երիտասարդանալու, նորովի լինելու կարի՞ք կա», -այսօր Համազգային թատրոնում կազմակերպված բաց համաժողովի մեկնարկից առաջ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հավաքվածների ծիծաղն առաջացնելուց հետո Հովհաննիսյանը անցավ ելույթին ու հայտարարեց. «Ժամանակն է, որ գործող նախագահը երաշխավորի ու ապահովի ազատ և արդար ընտրություններ, քանի որ ինքը եկավ իշխանության տապալված ընտրությունների բերմամբ, և քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայաստանյան չափանիշ, ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը իրական ժողովրդավարության, և բարձրացնի մեր քաղաքացիների իրավունքները: 95-ից հետո մենք չենք ունեցել ժողովրդավարական ընտրություններ, հակառակը մեր ժողովրդի ձայնը գողացվել է տևապես», -իր ելույթում հայտրարաեց «Ժառանգության» առաջնորդը:
Հովհաննիսյանին մտահոգել է կոալիցիոն երեք կուսակցությունների միջև կնքված հուշագիրը և, անդրադառնալով դրան, նա ասաց, որ գործող նախագահը «հայտ ներկայացրեց ՀՀ-ն վերացնելու Հայաստանի կուսակցապետության»: «Սա ժողովրդին պատկանող իշխանության բացահայտ ուզուրպացիայի փորձ է, որը հարկ է մերժել, և բոլոր ճանապարհներով բացառել: Եվ ես զարմանում եմ, որ ինչպես է այդ կուսակցությունների շարքային մտավորական անդամները չեն ասում, որ դա հակասահմանադրական քայլ է», -հավելեց Հովհաննիսյանը:
Խոսեց կրթական համակարգից, ասաց, որ այն կուսակցականացված է, խոսեց սոցիալ-տնտեսական վիճակից` նկատելով, որ «ահավոր գնաճը», սոցիալական անարդարությունը «համաճարակի վերածվող աղքատությունը» բխում են քաղաքական-իրավական ամենաթողությունից:
«Ամենաթողությունը, անպատժելիությունը ամենուր է` մարտի 1-ով չսկսվեց, բայց այդ ողբերգությունը, օրինախախտ հարձակումները ՀՀ քաղաքացիների վրա, ցույց են տալիս, որ այս իշխանությունները իրենք իրենց վարքով հրաժարվել են սահմանադրական պարտականություններից», -հավելեց «Ժառանգության» առաջնորդը:
Իր ելույթի վերջում նա հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում ու առանձնանալու է իր ընտանիքի հետ: