Մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնելու համար կանցկացվի աշխարհի ամենամեծ դպրոցական «Կենգուրու» մրցույթը
Ավստրալիայում սկիզբ առած «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում այս տարի անցկացվում է արդեն երրորդ անգամ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը:
Նրա խոսքով, այս մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:
Նրա խոսքով, «Կենգուրուն» աշխարհում ամենամեծ դպրոցական մրցույթն է:
«Այս մրցույթում տեղ գտած տրամաբանական խնդիրները շատ քիչ են հանդիպում դասագրքերում, դա է պատճառը, որ այս մրցույթի ժամանակ կարող են հաղթել այն երեխաները, ովքեր «Մաթեմատիկա» առարկայի դասաժամերին իրենց գիտելիքներով այդքան էլ չեն փայլում, սակայն շատ լավ տրամաբանություն ունեն»,- ասաց նա:
Նրա խոսքով, այս մրցույթի հիմնական նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
«Կենգուրուին» մասնակցում են 3-11 -րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից:
ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ նշեց, որ ԿԳ նախարարությունը իրականացնում է բարեփոխումների ծրագրեր, որոնցից շատ կարևոր է նաև կրթության բովանդակության հարցը: Նրա խոսքով, այս մրցույթը նպաստում է կրթության բովանդակության կատարելագործմանը, այն երեխաների տրամաբանական ունակությունները զարգացնելու համար է:
Մ. Մկրտչյանի խոսքով, այս մրցույթն օգնում է նաև հայտնաբերել տաղանդավոր երեխաներին:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն անցկացվելու է մարտի 17-ին: Այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցելու է Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց և մոտ 36 000 աշակերտ:
Դավիթ Սահակյանը նշեց, որ անցած տարի մրցույթին քանակով ավելի քիչ դպրոց էր մասնակցել, սակայն մրցույթին մասնակցած աշակերտների թիվն ավելի շատ էր` 39 հազար աշակերտ: Նա նշեց, որ այս տարի մրցույթին առաջին անգամ կմասնակցեն նաև Արցախի աշակերտները: Այս տարի մրցույթին Ստեփանակերտից մասնակցելու է 13 դպրոց և մոտ 600 աշակերտ:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն և ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու և հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռնվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվոե ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:
Դ. Սահակյանը հայտնեց, որ մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվելու են խրախուսական նվերներ, իսկ հաղթողներն իրենց ամառային արձակուրդները անցկացնելու են միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան