Ա. Ղազարյան «ՏՏ ոլորտում բավականին լուրջ աճ է արձանագրվել բոլոր առումներով»
Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի տնտեսական աճի դինամիկ խթանն է, այն արագորեն զարգանում է որպես առաջատար ոլորտ, որտեղ ներդրումներ են կատարվում միջազգային խոշոր ընկերությունների և բազմաթիվ փոքր ձեռնարկությունների կողմից:
Վերջին տասնամյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրել` դառնալով տնտեսության ամենադինամիկ և միջազգայնորեն մրցունակ ոլորտներից մեկը:
Այս մասին են վկայում նաև էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից իրականացված ՏՏ ոլորտի վերաբերյալ վերջին հետազոտության տվյալները:
Նաթան Ասոշիէյթս Ինք. Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտակ Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ՏՏ ոլորտում բավականին լուրջ աճ է արձանագրվել բոլոր առումներով:
«2010-ին ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը հասել է 150 մլն դոլարի, ինչը նշանակում է, որ ոլորտը աճ է ունեցել մոտ 25%-ով: Այս ամենի համար նախադրյալ են հանդիսացել մեր մրցակցային առավելություները՝ բավականին էժան աշխատուժը և ցածր գործառնական ծախսերը:Մեծ նշանակություն է ունեցել նաև համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական ներուժի առկայություւնը՝ ինֆորմատիկայի, ֆիզիկայի, և մաթեմատիկայի բնագավառներում»,- նշեց Արտակ Ղազարյանը:
Նրա փոխանցմամբ, ձեռքբերումների մասով իր ներդրումն ունի նաև պետությունը, «ում կողմից աջակցությունը դեռևս թեև ոչ բավարար է , սակայն զգալի է»:
« Ըստ զեկույցի, տարեց տարի աճում է նաև ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ի ցուցանիշում: 2010-ի սկզբի դրությամբ, դա կազմել է մոտ 1.7%: Աճել են նաև ոլորտի արտահանման ցուցանիշները, եթե 2003 թվականին ընդհանուր արտահանումների ծավալում ՏՏ ոլորտը կազմում էր 3.6%, ապա 2010-ին այն կազմել է 8.5%, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության համար ծրագրավորման ոլորտի աճող նշանակության մասին: Աճ է արձանագրվել նաև տեղական շուկայում ծրագրային ապահովման սեգմենտի առումով, վերջինս տեղական շուկայում կազմում է 45%»,- նշեց Արտակ Ղազարյանը:
Նաթան Ասոշիէյթս Ինք. Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2010 թվականին ՏՏ ընկերությունների կողմից տեղական շուկայում ստացած հասույթը հասել է մոտլ 91 մլն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է