Թուրքիայի փոխվարչապետ. Մենք պարտավոր ենք լուծել Հայաստանի հետ ունեցած մեր խնդիրները
Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ելույթ ունենալով Ստամբուլում հրավիրված «Փոփոխությունների առաջնորդների գագաթաժողով»-ում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նշանակությանը ևս: Ըստ թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվականի` թուրք աստիճանավորն ընդգծել է, որ Անկարան շարունակում է հետամուտ լինել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը և կողմնակից է տարածաշրջանային ու ընդհանրապես համաշխարհային խաղաղությանը:
«Հայաստանի հետ խնդիրներ ունենք: Կամենում ենք և պարտավոր ենք լուծել այդ խնդիրները: Հայաստանը մեզ համար հետևյալ նշանակությունն ունի. անցյալում այս հողերում հայեր են ապրել, ընդ որում` մեծ թվով: Կառավարությունում հայ նախարարներ են եղել: Ունեցել ենք հայ երաժիշտներ: Մեր պալատները կառուցած հայ ճարտարապետներ են եղել: Նրանք բոլորն էլ այս երկրի հարստությունն էին: Նրանք գնացին, ու մենք զրկվեցինք մեր այդ հարստությունից»,- ասել է Բյուլենթ Արընչը: Նա նաև նշել է, որ անկախ այն բանից, թե ովքեր են մեղավոր, Թուրքիան ջանալու է բնականոնացնել իր հարաբերությունները հարևան Հայաստանի հետ:
Հիշեցնենք, որ նշված գագաթաժողովին մասնակցել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով երկու օր առաջ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և կրոնական հարցերով վարչության պետ Մեհմեթ Գյորմեզի հետ: