Դաշտային գնահատման առաքելության զեկույցը` մարտի 23-ին. Համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը մարտի 17-ին հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ մարտի 15-17-ը այցելել են Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, Երևանում` Սերժ Սարգսյանի ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետև ունեցել քննարկումներ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ:
Ըստ հայտարարության, Երևանում նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսի հետ, ով այցելել էր տարածաշրջան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Տեղեկանում ենք, որ իրենց հանդիպումներում համանախագահները կողմերին կոչ են արել օգտվել Սոչիում մարտի 5-ին երկու երկրների նախագահների հանդիպման դրական ազդակներից, կենտրոնացնել ուշադրությունը առաջնահերթ հարցերի վրա` հակամարտության հիմնարար սկզբունքների հարցում համաձայնության հասնելու համար:
Հակամարտող կողմերի հետ նրանք նաև քննարկել են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են Սոչիում ընդունած համատեղ հայտարարության պարտավորությունների կատարմանը: Նրանք շեշտել են շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերը և կոչ արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը: Համանախագահները հիշեցրել են շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու գոյություն ունեցող առաջարկությունը և ափսոսանք հայտնել, որ այդ առաջարկն իրականություն չի դարձել և դարձյալ կոչ արել, որ այդ առաջարկությունն իրականություն դառնա:
Համանախագահները երկու երկրների նախագահներին և Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին են ներկայացրել հակամարտության գոտում Դաշտային գնահատման առաքելության զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցը կհրապարակեն մարտի 23-ին Վիեննայում և մինչ այդ հրապարակային հայտարարություններ չեն անի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում