Բ. Ենգիբարյան «2010-ին ՏՏ ոլորտում գրանցվել է 15.6% աճ»
Վերջին տասնամյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրել` դառնալով տնտեսության ամենադինամիկ և միջազգայնորեն մրցունակ ոլորտներից մեկը:
Այս մասին են վկայում էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից իրականացված ՏՏ ոլորտի վերաբերյալ 2010 հետազոտության տվյալները, որոնք այսօր ներկայացրեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ անցյալ տարի ՏՏ ոլորտի ձեռքբերումները և ոլորտի ընդհանուր զարգացումը զգալի են։
«2010-ին ՏՏ ոլորտում գրանցվել է 15.6% աճ։ Ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը հասել է 150 մլն դոլարի, որից տեղական ընկերությունների հասույթը` 58 մլն։ Այսօր Հայաստանում գործում են ավելի քան 200 ՏՏ կազմակերպություններ, որոնցից 125-ը տեղական»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Բագրատ Ենգիբարյանի փոխանցմամբ, ոլորտում զբաղվածների թիվն անցած տարի կազմել է ավելի քան 5000 մարդ։ Հայաստանի հիմնական ԲՈՒՀ-երում ՏՏ մասնագիտություններով սովորող ուսանողների թիվը կազմում է մոտ 7000։
Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին անդրադարձավ « ArmTech 2011 ֆորումին»։
«ԱրմԹեքԿոնգրեսն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կարծում եմ, որ համաժողովը նոր խթան կլինի ոլորտի զարգացման, ինչպես նաև ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման համար»,- նշեց Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է