ԿԳ նախարար. «Դպրոցներում էլ ավելի կբարելավվի ֆրանսերեն լեզվի դասավանդման որակը»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը սովորողների շրջանում, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակն և ձևավորել ժամանակակից պահանջները բավարարող ուսումնամեթոդական բազա։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս համաձայնագրի շնորհիվ դպրոցներում էլ ավելի կբարելավվի ֆրանսերեն լեզվի դասավանդման որակը, քանի որ այսուհետ այդ խնդիրը լուծելու համար իր աջակցությունն է ցուցաբերելու նաև ֆրանսիական կողմը: Նրա խոսքով, մեծ ուշադրության է նաև արժանանալու ավագ դպրոցների ֆրանսերեն լեզվի դասավանդման որակը, որոշ ավագ դպրոցներում ֆրանսերենի ուսուցումը լինելու է առավել խորացված:
«Մենք ունենք բավականին հարուստ օրակարգ այս համաձայանգրի շրջանակներում ծրագերի իրականացման առումով»,- հավելեց ԿԳ նախարարը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև սույն համաձայնագրի ստորագրումը կողմերի համագործակցության կարևոր փուլ է նախանշում:
«Հայաստանում ֆրանսերեն լեզվի դասավանդումը պետք է նոր թափ ստանա, բոլոր այն դպրոցներում, որտեղ նման ցանկություն կհայտնեն», -ասաց նա: Անրի Ռենոյի խոսքով, այսպիսով Հայաստանը անդամագրվում է այն երկրների շարքին, որտեղ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ֆրանսերեն լեզի դասավանդման որակին: Նա նշեց, որ հիանում է հայերի ֆրանսերեն խոսելու ունակությամբ և հավելեց, որ հայերը հիանալի են խոսում ֆրանսերեն:
Ըստ համաձայնագրի, ֆրանսիական կողմը պարտավոր է օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններում ուսումնական ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի բազայի ձևավորմանը, աջակցել Կրթության ազգային ինստիտուտին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացների ուսումնական ծրագրերի և ֆրանսերենի լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաև օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ դասավանդողների վերապատրաստման կազմակերպմանը Հայաստանում, Ֆրանսիայում կամ որևէ ֆրանսախոս երկրում։
Հայկական կողմն, իր հերթին պարավորվում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրեր ստեղծել հանրակրթական դպրոցների 5-ից 12-րդ դասարաններում, մշակել և հաստատել ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր, անհրաժեշտ տարածքներ տրամադրել դասավանդողների վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների և սեմինար պարապմունքների համար։
Կողմերը պարտավորվում են նաև լրացուցիչ միջոցներ որոնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսերենով ուսումնական ծրագրերի աշխատանքների կազմակերպման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան