Երկխոսության հնարավորությունը սպառված չէ
Մեր նախորդ դիտարկումներում ՀԱԿ մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի կարևորությանն անդրադարձել ենք:
Ելույթն արդեն եղել է և կարելի է նախնական որոշակի մեկնաբանություններ տալ:
ՀԱԿ առաջնորդը, խոսելով իր իսկ կողմից նախորդ հանրահավաքում ներկայացրած 15 կետանոց պահանջագրի մասին, վերջին հանրահավաքում նշել է. «Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր և իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի և ազգային համերաշխության գիտակցության վրա։ Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք»։
Ինչ վերաբերում է մարտի 1-ի հայտարարության` երկրի ժողովրդավարացման ծրագիր լինել-չլինելու խնդրին, առանձին քննարկման նյութ է, և դրա վրա այս պահին կենտրոնանալ չարժե: Այստեղ առավել ուշադրության արժանի են կիրառվող հասկացություններն ու ձևակերպումները. «երկխոսություն», «պետական շահ», «ազգային համերաշխություն»: Եվ ամենակարևորը միտքն է` ՀԱԿ-ը երկխոսության հնարավորությունը սպառված չի համարում:
Եթե այս հայտարարությունը համադրենք Սերժ Սարգսյանի Ծաղկաձորում արած հայտարարությունների հետ, մասնավորապես` իմ հրապարակման մեջ առանձնացրած շեշտադրումների համատեքստում, ապա հասկանալի կդառնա, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այս հայտարարությամբ խուսափում է իշխանության հարցը ուժային մեթոդով, տարբերակով լուծելու մոտեցումից: Այլ կերպ ասած` նախընտրում է ընդգրկվել քաղաքական համակարգ և իշխանությունների հետ երկխոսության, փոխզիջումների գնալ:
Տեր-Պետրոսյանի համեմատաբար կարճ ելույթում առանցքային բառեր ու ձևակերպումներ էլի կան` «Հայաստանում … պետք է լինի անցնցում», «իշխանությունը պետք է մեզ հետ խոսի հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից», «մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք», «մենք մաքսիմալիստ չենք և իշխանությանն անկյուն սեղմելու մտադրություն չունենք» և այլն:
Փաստորեն ռադիկալ մեթոդներն ու վերջնագրային տրամադրությունները մերժվում են: (Ավելին` Տեր-Պետորսյանը ելույթից դուրս անգամ սաստել է հրապարակում հավաքվածների ռադիկալ տրամադրությունները` «հի-մա, հի-մա» վանկարկողներին սթափության ու կարգապահության կոչ անելով:)
Հետաքրքիր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում, ըստ էության, ողջունել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթներում արտահայտված մոտեցումը, նշելով սակայն, որ «այդ դրական միտումը դեռևս ապացույցի, այսինքն՝ խոսքից գործի վերածվելու կարիք ունի»։
Փաստորեն վերջին հանրահավաքից հետո կարելի է ասել, որ իշխանություններն ու (փողոցում հավաքված) ընդդիմությունը գոնե վերբալ հարթությունում ճանաչում են միմյանց, պատրաստ են երկխոսության և ամենակարևորը` մերժում են քաղաքական հարցերն ուժային տարբերակով լուծելու մոտեցումը: Երկրորդ` երկուստեք ակնկալում են անցման` խոսքից գործի: Եվ որքան էլ զարմանալի լինի առաջին քայլն արված է. ՀԱԿ-ին թույլատրվել է մտնել Ազատության հրապարակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները