Բիշովեց. «Ռոման Բերեզովսկուն իրավամբ կարելի է «հայկական Լև Յաշին» անվանել»
ՌԻԱ «Նովոստի» գործակալությունում այսօր տեղի ունեցավ Երևան-Մոսկվա հեռուստակամուրջ` «Ֆուտբոլը Ռուսաստանում և Հայաստանում. մրցակցություն` հանուն բարեկամության» թեմայով: Այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ:
Հայաստանյան և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդներ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը և սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Անատոլի Բիշովեցը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցերը: Պլանավորված էր, որ հեռուստակամուրջին կմասնակցեն նաև սպորտի վաստակավոր վարպետ, «Սովետսկի սպորտ» թերթի մեկնաբան Եվգենի Լովչևը և «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզչական խորհրդի նախագահ Էդուարդ Մարգարովը, սակայն նրանք տարբեր պատճառներով չկարողացան ներկայանալ: Փոխարենը երևանյան տաղավարում հայտնվել էր մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Անատոլի Բիշովեցը հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան առաջիկա հանդիպման վրա կարող է ազդել երկու գործոն: Առաջինը հոգեբանականն է: Ֆուտբոլային հայտնի մասնագետը վստահ է, որ ՌԴ ընտրանու ճամբարում հոգեբանական վիճակն այնքան էլ դրական չէ, քանի որ թիմը պարտվել է վերջին երկու ստուգողական խաղում: Իսկ դրական գործոնն այն է, որ Ռուսաստանի հավաքականը կառուցված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի բազայի վրա: Այդ ակումբները հանդես էին գալիս Եվրոպայի լիգայում: Թեպետ երկուսն էլ դուրս են մնացել եվրոպական ակումբային մրցաշարից, խաղացողներն անգնահատելի փորձ են կուտակել և պատրաստ կլինեն հայերի հետ հանդիպմանը:
«Մարտի 26-ի խաղը շատ բանով վճռորոշ է լինելու: Հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների կարգը, այն փաստը, թե ինչպիսի ակումբներ են նրանք ներկայացնում, կարելի է ասել, որ Ռուսաստանի ընտրանին մի փոքր առավելություն ունի: Ես բախտ եմ ունեցել աշխատել երկու հայ ֆուտբոլիստների հետ: Ռոման Բերեզովսկուն իրավամբ կարելի է «հայկական Լև Յաշին» անվանել, իսկ Սարգիս Հովսեփյանը լավագույն պաշտպաններից մեկն է: Ռոմանի հետ հանդիպեցի Թուրքիայում, որտեղ նա մասնակցում էր «Խիմկիի» ուսումնամարզական հավաքին: Զրուցեցինք: Պատմեց, որ Հայաստանի հավաքականում այժմ շատ լավ մթնոլորտ է, կան երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներ: Կառանձնացնեի նաև Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին, Լևոն Պաչաջյանին, Արտակ Ալեքսանյանին, Էդգար Մանուչարյանին»,- ընդգծեց Բիշովեցը:
Ռուս մասնագետը նշեց նաև, որ Հայաստանի հավաքականը միշտ էլ տեխնիկապես գրագետ ֆուտբոլ է ցուցադրել: Դրան հիմա ավելացել է դիմադրողականության բարձր մակարդակը: Հայաստանի հավաքականը նաև բնավորություն ունի: Հենց այդ որակների շնորհիվ է, որ մեր ընտրանին, ըստ Բիշովեցի, հաջող է հանդես գալիս Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
«Հայերը հաղթեցին սլովակներին ու անդորրացիներին: Կարող էին առավելության հասնել նաև Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ, սակայն վերջին պահին ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Հայաստանի հավաքականը կարող է գործել մարտավարական տարբեր սխեմաներով` ելնելով անհրաժեշտությունից: Այդ թիմը կարող է խաղալ 4-4-2 տարբերակով, իսկ երբ հանգամանքները ստիպեն, ի վիճակի է ապավինել 4-3-3 մարտավարությանը: «Կրասնոդարի» կազմում անցկացրած վերջին խաղում Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ և, անշուշտ, լավ տրամադրությամբ կնախապատրաստվի ռուսների հետ հանդիպմանը: Սրանք բոլորն էլ կարևոր գործոններ են և արժանի են ուշադրության»,- ավելացրեց ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:
Անատոլի Բիշովեցը կանգ առավ նաև խաղացանկի վրա` հայտարարելով, որ մրցաշարային հեռանկարի տեսանկյունից այն պակաս կարևոր չէ: Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կավարտի Իռլանդիայի ընտրանու հետ արտագնա խաղով, իսկ Ռուսաստանի թիմը կխաղա Անդորրայի հավաքականի հետ:
«Սլովակիայում ու Իռլանդիայում Հայաստանի հավաքականի համար շատ ծանր է լինելու: Այդուհանդերձ, պետք է շեշտեմ նաև, որ այս խմբում անցումային խաղեր չկան: Ռուսաստանի ու Հայաստանի թիերի առաջիկա հանդիպման արդյունքը հիմնականում կախված կլինի այն հանգամանքից, թե մարզիչներն ինչպես կտրամադրեն իրենց սաներին, ինչպես կպատրաստվեն կոնկրետ հանդիպմանը: Հայերը, ի դեպ, պատրաստվում են մարզաբազայում, իսկ ռուսները` 5-աստղանի հյուրանոցում: Տարբեր մոտեցումներ են, և հույս ունեմ, որ այն չի ազդի խաղի ընթացքի վրա…
Կհաղթի այն թիմը, որը պատասխանատվություն է զգում երկրի ու երկրպագուների նկատմամբ: Վստահ եմ, որ մեզ բովանդակալից խաղ է սպասվում: Հայերն աչքի են ընկնում ստեղծագորական որակներով, և դրան մենք պետք է պատրաստ լինենք: Բացի այդ, հայ ֆուտբոլիստները երիտասարդ են ու ամբիցիա ունեն: Ադվոկատը հրավիրել է Մակեևին, Գլուշակովին ու Իոնովին… Միևնույն է, նրանք կմնան պահեստայինների նստարանին: Մարզիչը հիմա փորձարարությամբ չի զբաղվի և, ըստ իս, կապավինի փորձառու ֆուտբոլիստներին, ովքեր արդեն խաղակցված են: Որակազրկման պատճառով Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը չի մասնակցի Ալեքսանդր Անյուկովը: Դա լուրջ խնդիր է, բայց նրան կարող է փոխարինել Շիշկինը, ով նույնպես լավ որակներ ունի:
Ընդհանրապես` ասում են, որ չունենք երիտասարդ այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել հավաքականը: Աստղերը, սակայն, երկնքից չեն ընկնում, նրանց պետք է բացահայտել: Համոզված եմ, որ մենք երիտասարդ լավ ֆուտբոլիստներ ունենք: Ինչ վերաբերվում է փորձառուներին, ցավոք, նրանցից ոմանք բավարար խաղային պրակտիկա չունեն: Խոսքը Ժիրկովի, Բիլյալետդինովի, Պավլյուչենկոյի մասին է: Արշավինն էլ, իր հերթին, միայն փոխարինման է մտնում»,- հայտարարեց Բիշովեցը:
Նա, ի դեպ, բարձր գնահատեց նաև հայաստանյան ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կատարած աշխատանքը` շեշտելով, որ Հայաստանում վստահում են տեղացի մարզչի, ով լավ է հասկանում ֆուտբոլիստներին ու նրանց մենթալիտետը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են