Ինտերնետ մատուցող հայաստանյան ընկերությունները սպասում են Թուրքիայի հետ քաղաքական խնդիրների լուծմանը. Ուսումնասիրություն
2010 թվականի ընթացքում Հայաստանում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նվազել է հինգ անգամ` 900 ԱՄՆ դոլարից հասնելով 150 ԱՄՆ դոլարի: Այդ մասին ուսումնասիրության արդյունքներն այսօր տեղի ունեցած Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հրապարակեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս էականորեն բարելավվել է բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում: Ավելին, նրա խոսքով, էականորեն նվազել են նաև հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերի վրա կատարվող հարձակումները, և Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է 2010-ին չեզոքացնել գրեթե բոլոր հակերային հարձակումները: ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովի այսօրվա նիստում անդամները պետք է քննարկեն պաշտոնական կայքէջերի ցանկում ՀՀ և ԼՂՀ մի քանի պաշտոնական կայքէջեր ևս ընդգրկելու մասին հարցը:
Ներկայացնելով կատարած ուսումնասիրության արդյունքները, հանձնաժողովի անդամ Սմբատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում լայնաշերտ ինտրենետ մատուցող երեք ընկերությունները` «ԱրմենՏել»-ը, «ՋիԷնՍի Ալֆա»-ն և «Ֆայբերնետ Քոմյունիքեյշըն»-ը 2010-ի ընթացքում զգալիորեն ընդլայնել են իրենց սփռվածությունը երկրում, ավելացրել օպտիկամնրաթելային մալուխները, գործող պորտերը:
«Քաղաքական խնդիրների լուծման դեպքում այս երեք ընկերություններ ցանկություն են հայտնել միանալ Թուրքիայում գործող լայնաշերտ ցանցերին», -հավելեց Պետրոսյանը:
Ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ Հայաստանի մարզերում թույլ են բնակչության ինտերնետ սպասարկման ցանցերը: Ուսումնասիրողների եզրակացությամբ, 2007-ին, երբ ոլորտում ինտերնետի մենաշնորհը վերացավ, ակտիվ մրցակցություն սկսվեց, ինչի հետևանքով, 2010-ին 8 գեգաբայթ հզորությամբ ինտերնետ է մուտք գործվել մեր երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է