Սերգեյ Պողոսյան. «Մերոնք ռուսներին հաղթելու հնարավորություն ունեն»
«Հայաստանն այսօր երիտասարդ հավաքական ունի, թիմում լավ մթնոլորտ է,- այսօր ՌԻԱ «Նովոստի» գործակալությունում կայացած «Ֆուտբոլը Ռուսաստանում և Հայաստանում. մրցակցություն` հանուն բարեկամության» թեմայով մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը:- Փորձառուների` Ռոման Բերեզովսկու և Սարգիս Հովսեփյանի կողքին հանդես են գալիս երիտասարդ տաղանդավոր խաղացողներ, որոնց թվում հատկապես կառանձնացնեի Հենրիխ Մխիթարյանին ու Յուրա Մովսիսյանին: Նրանք մեծ ներուժ ունեն, արդեն այսօր հասուն և գրագետ ֆուտբոլ են ցուցադրում: Եվ պատահական չէ, որ ընտրական փուլի առաջին` աշնանային փուլը մեր ընտրանին վերելքով անցկացրեց: Կարող էինք միավոր վաստակել իռլանդացիների հետ խաղում, հաղթել մակեդոնացիներին:
Վերջիններիս ուղղակի պարտավոր էինք հաղթել: Բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Կարևորն այն է, որ մեր հավաքականն այժմ վերելք է ապրում, ցուցադրում է թիմային ֆուտբոլ: Մեր մրցակիցը` Ռուսաստանի հավաքականը, իր կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի` Արշավին, Ժիրկով, Պավլյուչենկո: Մերոնք, սակայն, հաղթելու հնարավորություն ունեն, քանի որ ողջ հանդիպման ընթացքում կզգան 12-րդ խաղացողի` երկրպագուների ջերմ աջակցությունը: Հայ ֆուտբոլիստները նախապատրաստվում են այդ կարևոր հանդիպմանը, և հիմա գլխավոր խնդիրն այն է, որ հանկարծ «չվառվեն» ցանկությունից»:
Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Գիլոյանը, իր հերթին, շեշտեց, որ, որպես կանոն, Հայաստանի հավաքականը տանը լավ խաղ է ցուցադրում: Նա կարծում է, որ մեր տղաները հաղթելու հնարավորություն ունեն, եթե միայն ռուսները խաղան այնպես, ինչպես իրանցիների հետ հանդիպման ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են