Ադրբեջանում արգելվել է ռոք խմբի համերգը` իշխանությանը քննադատող երգերի համար
Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արգելել է հայտնի ռոք կատարող Ազեր Մեմմեդովի` Բաքվի ռոք ակումբում մարտի 18-ին նախատեսված համերգը:
Հասարակական թեմաներով, մարդու իրավունքների և ազատությունների մասին ռոք երգեր գրող և կատարող Ազեր Մեմմեդովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ համերգից երկու ժամ առաջ ակումբի աշխատակիցներն ասել են իրեն, որ նախագահականից զանգահարել են ղեկավարությանը և պահանջել արգելել համերգը:
«Ազադլիգ» թերթը գրում է, որ Ազեր Մեմմեդովն ապրում և ստեղծագործում է Ստամբուլում: Նրա երգերը մեծ հեղինակություն են վայելում սոցիալական ցանցերում:
Նրա «Ազատեք» երգը նվիրված է Ադրբեջանում իշխանությունների կողմից ձերբակալված երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիին և Ադնան Հաջիզադեին: Ռոք երգահանն ու կատարողը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի հրաժարվելու Ադրբեջանում համերգ տալու գաղափարից և այն իրականացնելու է ամեն գնով: