«Ազադլիգ». «Առաջին քարտուղար դառնալուն պես` Հեյդար Ալիևը մոռացնել տվեց Նովրուզ բայրամը»
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո բոլոր ազգային տոների հետ խորհրդային տարածքում արգելվել էր նաև հիմնականում շիաների կողմից նշվող մահմեդական Նովրուզ տոնը: Ադրբեջանում առաջին անգամ այն սկսել է նշվել 1967 թ-ին` կոմկուսի այն ժամանակվա առաջին քարտուղար Շիխալի Գուրբանովի օրոք: Հատկանշական է, որ տոնը նշելու այդ նախաձեռնությունից երկու ամիս անց, ատամի հետ կապված խնդրով բժշկին այցելած Շ. Գուրբանովը հանկարծամահ է եղել ատամնաբուժարանում: Նրա մահվան իրական պատճառը մինչ այժմ անհայտ է: Հետագայում` մինչև 1969 թ-ը, Նովրուզն Ադրբեջանում նշվել է որպես ոչ կրոնական` Գարնային տոն:
«Ազադլիգը» գրում է, որ 1969 թ-ի հուլիսին Ադրբեջանի ներկայիս քաղաքական համակարգի հիմնադիր Հեյդար Ալիևի կողմից իշխանությունը բռնազավթելուց հետո Նովրուզը կրկին մոռացվել է: 1970-ից մինչև 1993 թ-ը Նովրուզ տոնը Ադրբեջանում արգելված էր և պաշտոնապես չէր նշվում:
Թերթը նշում է, որ Հեյդար Ալիևի` առաջին անգամ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար դառնալուց հետո, պաշտոնական «Կոմունիստ» թերթը մարտի 20-22-ին` Նովրուզի օրերին հրապարակել է Հ. Ալիևի` «Ադրբեջանի կուսակցական կազմակերպության պարտավորությունների մասին» 4 էջանոց հոդվածը, որտեղ «հեռատես, հանճարեղ առաջնորդը» ոչ մի խոսք չի ասել Նովրուզի մասին:
«Այս փաստը շատ բան կարող է ասել ընթերցողին: 1970 թ. մարտին Նովրուզ ժողովրդական տոնն արհամարհած ընկեր Ալիևը նույն օրերին «Նախիջևանյան օրեր» էր անցկացնում Բաքվում»,- գրում է «Ազադլիգը»` նշելով, որ Նովրուզը Ադրբեջանում վերականգնվել է 1993 թ-ին` Հ.Ալիևի` կրկին Ադրբեջանի ղեկավար դառնալուց հետո, այն էլ` ժողովրդական մեծ ճնշման տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում