Ադրբեջանում կրթական ցածր մակարդակն արտացոլվում է դասագրքեր և քարտեզներ կազմելու մեջ
Ադրբեջանում կրթության մակարդակը տարբեր պատճառներով անկում է ապրում աղետալի արագությամբ:
Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, անհամեմատելի է ներկայիս դպրոցականների և ուսանողների կրթամակարդակը խորհրդային ժամանակաշրջանի իրենց հասակակիցների հետ: Քանի որ, այն ժամանակ կրթությունը պարտադիր էր, իսկ այսօր Ադրբեջանում համապատասխան մարմինները, նույնիսկ ծնողները մեծ հաշվով «թքած ունեն»` երեխան դասի գնում է, թե ոչ:
Վերլուծելով կրթամակարդակի անկման պատճառները, աղբյուրը մեջբերել է Ադրբեջանի ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահի վերջերս արած հայտարարությունը, թե «PISA գրաճանաչության միջազգային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցրել է նախավերջին տեղը 65 երկրների շարքում»:
Եվ որպեսզի Ադրբեջանի բուհերը չմնան առանց ուսանող ընդունող հանձնաժողովը ամեն տարի իջեցնում է ընդունելության քննությունների անցողիկ շեմը:
Կրթամակարդակի ցածր լինելու մեջ մեղավոր են ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, այլև որոշ մասնագետներ, որոնք կատարում են դասագրքեր, քարտեզներ, ատլասներ կազմելու պարտականություններ: Նշվածն ապացուցելու համար աղբյուրը փաստում է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նշված է մի երկիր գոյություն չունեցող անվանումով: Խոսքը Աֆրիկա մայրցամաքում գտնվող Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության մասին է, որը ադրբեջանական քարտեզներում նշված է որպես Զաիր:
Նկատենք, որ նշված պետությունը Զաիր է անվանվել 1971-1997 թվականները, իսկ արդեն 13 տարի է, ինչ այն կոչվում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն: