Ադրբեջանի պետական դրոշը չի կարողանում հանգիստ ծածանվել
Երեկ ժամը 10-ից սկսած Ադրբեջանի պետական դրոշի հրապարակում բարձրացող դրոշի հետ կապված կրկին խնդիր է ծագել: Սաստիկ քամին նորից պատառոտել է դրոշը և այդ գործընթացը շարունակվել է մինչև ժամը 14-ը:
«faktxeber.com.-ը հայտնում է, որ երբ դրոշը կիսով չափ արդեն իջեցվել էր, այն ամբողջովին ծվեն-ծվեն էր եղել: Քամուց ծածանվող ծվենների արձակած աղմուկն այնքան բարձր է եղել, որ լսել են անգամ մոտակա փողոցով երթևեկող ավտոբուսների ուղևորները: Ոստիկանությունը փակել է հրապարակի մոտով անցնող բոլոր փողոցները: Պատկան կառույցներն ամբողջությամբ իջեցրել են դրոշի մնացորդները:
Դա Պետական դրոշի հրապարակում տեղի ունեցած չորրորդ դեպքն է: Դրանից առաջ դրոշն արդեն երկու անգամ պատառոտվել, իջեցվել և փոխարինվել է նորով: Մեկ անգամ էլ ուժգին կերպով երերացել է դրոշը պահող սյունը, որի պատճառով տարածքում բնակվող մարդիկ տարհանվել են:
«Այնպես է ստացվում, որ 35 մլն մանաթ արժեցած դրոշի հրապարակի տեղը ճիշտ չի ընտրվել: Ծովից փչող ուժեղ քամիները թույլ չեն տալիս դրոշին հանգիստ ծածանվել»,- հեգնանքով հայտնում է faktxeber.com-ը: