Մեր տղաների մոտ կգործի մարզական չարությունը, եսը, կամքը. Սուրենյանցի հույսը` ֆուտբոլային հանդիպումից առաջ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քաղաքականությունից մի քիչ ավելի շատ ֆուտբոլ է սիրում: Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլայի հանդիպման մասին Panorama.am-ի հարցին պատասխանելով, Սուրենյանցն ասաց, որ այս խաղը, ցավոք, քաղաքականացված է:
«Իսկ դա ինձ զզվեցնում է: Ֆուտբոլը սիրում եմ որպես խաղ, որպես սպորտ, որպես մրցակցություն: Ֆուտբոլի մեջ քաղաքականություն չեմ սիրում», -նկատեց նա ու հավելեց. «Հայաստանի հավաքականն այժմ վերելքի վրա և գործնականում շատ մեծ հնարավորություն ունի այդ հանդիպումը հաղթանակով ավարտելու համար»: Սակայն մյուս կողմից, ըստ Սուրենյանցի, Ռուսաստանի հավաքականը շատ փորձառու թիմ է և իր կազմում ունի Արշավինի նման մի քանի մարզիկներ, որոնք ազդեցիկ են և ցանկացած խաղում կարող են բեկում մտցնել:
Սակայն, Սուրենյանցը հույս ունի` «Այդ խաղի ժամանակ մեր տղաների մոտ կգործի մարզական չարությունը, ես, կամքը ու արժանի մրցակցություն նրանք ցույց կտան»:
Բայց նա խուսափեց կանխատեսել, թե ինչ հաշվով կավարտվի հանդիպումը:
«Ինձանից կախված ամեն ինչ կանեմ քաջալերելով, աջակցելով, որպեսզի Հայաստանի հավաքականը հաղթանակ տանի: Դա իմ ցանկությունն է: Թող գեղեցիկ, չքաղաքականացվախ ֆուտբոլ լինի և արժանին հաղթի: Ես, բնականաբար, այդ հաղթանակը մաղթում եմ մեր հավաքականին», -հավելեց քաղաքագետը:
Ֆուտբոլի սիրահար Սուրենյանցը, սակայն, մարզադաշտ չի գնա և անմիջականորեն չի դիտի ֆուտբոլային շատ հետաքրքիր հանդիպումը: Նա ասաց, որ ի սկզբանե ցանկացել են բլոգերների խմբով գնան և երկրպագեն հայ ֆուտբոլիստներին, սակայն տոմսեր իրենց ցանկացած տրիբունայից չեն եղել: Ավելին, նա փոխանցեց, որ օգտագործել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի իր կապերը, սակայն` ապարդյուն, ավելի մոտ տրիբունայից ազատ տեղերի տոմսեր չեն եղել:
Բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ, Սուրենյանցը չի անում. «Իմ ֆուտբոլ սիրելու ընկալմանը դա դեմ է: Ես սիրում եմ նայել ֆուտբոլ ու հաճույք ստանալ, վայելել խաղը: Ստավկա անող մարդկանց ես տեսել եմ, նրանք մոռանում են խաղի բովանդակային մասը, նրանց հետաքրքրում է միայն հաշիվը, գոլ եղա՞վ, թե՞ ոչ, դեղին քարտ եղա՞վ, թե՞ կարմիր: Մեկ անգամ եմ խաղադրույք արել` 1000 դրամ դրել եմ 5000 դրամ ստացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են