Դիկ Ադվոկատ. «Եթե հաղթենք 2:1 հաշվով, չենք տխրի»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր պլանավորված նախախաղային պարապմունքից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ հարձակողական ֆուտբոլ է ակնկալում, քանի որ և Հայաստանի, և Ռուսաստանի ազգային թիմերը գերադասում են գրոհել: «Հայերը ոգի և բնավորություն ունեն, սիրում են խաղալ թեթև արկածախնդիր ֆուտբոլ: Մեզ բոլորիս շատ հետաքրքիր ֆուտբոլ է սպասվում»,- հայտարարեց նա:
Պատասխանելով նորեկների` Երևանում խաղադաշտ մտնելու վերաբերյալ հարցին, հոլանդացի մասնագետը շեշտեց, որ առայժմ իր համար կարևոր է տեսնել, թե մարզումների ընթացքում նրանք ինչպես են մերվում թիմին: Նա, սակայն, չբացառեց, որ այդ ֆուտբոլիստները կարող են փոխարինման մտնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Կատարի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներում:
Դիկ Ադվոկատն արդեն որոշել է, թե վաղը Երևանում ովքեր խաղադաշտ կմտնեն թիմի մեկնարկային կազմում: Նա, սակայն, չպատասխանեց այդ հարցին` նշելով, որ կոնկրետ անուններ չի ուզում հնչեցնել:
«Ընտրական ընթացիկ փուլում հայերը 4 խաղից 3-ը անցկացրել են սեփական հարկի տակ, և ես ենթադրում եմ, որ թիմը կգործի նույն ոճով, ինչպես անցած հանդիպումներում: Այդ հավաքականն արկածախնդիր ֆուտբոլ է ցուցադրում, նրանից պետք է վախենալ: Չեմ ուզում հիմա քննարկել` արդյոք ոչ-ոքին կբավարարի՞ մեզ, թե ոչ: Բայց եթե վաղը 2:1 հաշվով հաղթենք հայերին, դժվար թե ինչ-որ մեկը տխրի, որ նման հաշվով ենք հաղթում: Չնայած Ակինֆեևը վերջին խաղերում հաճախ է սխալվում, ինձ համար նա մնում է որպես թիվ մեկ դարպասապահ»,- ավելացրեց Դիկ Ադվոկատը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են