Մեկնարկեց «IT to Business» գործնական հանդիպումների շարքը
Այսօր մեկնարկեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «IT to Business» գործնական հանդիպումների շարքը։
Ինչպես նշեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, սա նոր նախագիծ է, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս անցկացվելու է առաջադեմ ՏՀՏ ընկերությունների և համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների թեմատիկ հանդիպում:
«Հանդիպումների ընթացքում ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գործնական լուծումները: Առաջին հանդիպումը նվիրված է տեխնոլոգիաների կիրառմանը բանկային ոլորտում:Շահագրգռվածություն է նկատվում և գործարարների, և ՏՏ ոլորտի ընկերությունների շրջանակներում: Նման հանդիպումների միջոցով մենք միջավայր ենք ստեղծում, որ ոլորտի շահագրգիռ կողմերը համագործակցության եզրեր գտնեն»,-ասաց Կ. Վարդանյանը:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի փոխանցմամբ, այն բանկերը, որոնք արագ արձագանքում են և ներդնում են նոր տեխնոլոգիաներ, նրանք շահում են։
«Նոր տեխնոլոգիաները նպաստում են բիզնեսի զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը: Մեր հանդիպումների հիմնական նպատակն է գտնել համագործակցության եզրեր, որոնք կբերեն երկարատև ու լուրջ համագործակցության»,-նշեց Սեյրան Սարգսյանը։
Ս. Սարգսյանը նկատեց, որ մեկ օրը բավարար չէ քննարկումների համար և այդ պատճառով կկազմակերպվի երկրորդ հանդիպումը մարտի 31-ին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, վիճակագրության համաձայն` բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ցածր մակարդակի վրա է: Ըստ նրա` հանդիպումների շարքը կնպաստի, որ գործարարները ծանոթանան գործնական լուծումներին և իրենց հուզող հարցերը հնչեցնեն տեղում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է