Երևանի մարդաշատ վայրերում ու հրապարակներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևան քաղաքի 10 հասարակական վայրերում` հիմնականում հրապարակներում, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեսախցիկներ կտեղադրվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Նազարյանը մանրամասնեց, որ տեսախցիկներ կլինեն Հանրապետության, Գարեգին Նժդեհի, Շառլ Ազնավուրի հրապարակներում, Մատենադարանի հարակից տարածքում և Մաշտոցի պողոտայի որոշ մարդաշատ հատվածներում:
Հարցին, թե ինչու տեսախցիկները ողջ քաղաքում չեն տեղադրվում, Ն. Նազարյանը դա պայմանավորեց ֆինանսական միջոցների սղությամբ, ապա ընդգծեց, որ հենց մարդաշատ վայրերում են հանցագործություններն ավելի շատ կատարվում:
«Հանցագործություն կատարող անձանց, ովքեր կարող էին խուսափել ոստիկան չլինելու պատճառով, հեշտությամբ կբացահայտենք, ինչպես նաև կֆիքսենք ոստիկան-ժողովուրդ շփումը»,- ծրագրի դրական կողմերն այսպես բացատրեց Նազարյանը:
Վարչության պետը նշեց նաև, որ տեսախցիկները միացված են լինելու 24 ժամ: