
Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը
ԼՂՀ կառավարության որոշմամբ` արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվել է կառավարման պայմանագրեր կնքել «Արցախգազ» և «Արցախէներգո» ՓԲԸ-ների գործադիր մարմինների լիազորությունները առևտրային կազմակերպություններին հանձնելու մասին: Հաստատվել են պայմանագրերի տիպային ձևերը:
Հարցի կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը մեկ անգամ ևս պարզաբանել է, որ ընդամենը նշված ընկերությունների կառավարման փոփոխություն է նախատեսվում, դրանք առայժմ չեն սեփականաշնորհվում: Ակնկալվում է, որ նոր կառավարման օրոք ռազմավարական նշանակության այդ օբյեկտները կաշխատեն նշանակալիորեն բարձր արդյունավետությամբ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը` շուրջ 400 հա տարածքով: Հաստատվել են արգելոցի սահմանները և կանոնադրությունը:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության հասարակության հետ կապերի վարչությունից: