Վարդան Մինասյանն առայժմ կողմնորոշվել է հիմնական կազմի 10 ֆուտբոլիստների հարցում
Այսօր «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին` կապված Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում վաղը կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման հետ:
Խոսելով մեր թիմի ուսումնամարզական հավաքի մասին` Վարդան Մինասյանն ընդգծեց, որ հրավիրված ֆուտբոլիստներից միայն Արարատ Առաքելյանը չի կարողացել միանալ հավաքականին: Հավաքի նախօրեին «Բանանց» ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի և ի վիճակի չէ մասնակցել ազգային թիմի առաջիկա հանդիպմանը:
«Մյուս 21 ֆուտբոլիստները մարզվել են լիարժեք ծրագրով: Ֆունկցիոնալ և հոգեբանական առումով լավ մարզավիճակում են, թեպետ չի կարելի մոռանալ, որ Հայաստանում մրցաշրջանը նոր է մեկնարկել, և խաղացողները լավագույն ցանկության դեպքում անգամ չէին կարող հասնել այն մարզավիճակին, որն ունեին անցած տարվա աշնանը: Արարատ Առաքելյանի կորուստը ցավալի է: Յուրաքանչյուր խաղացողի կորուստ իր ազդեցությունը, իհարկե, թողնում է թիմի վրա: Բայց պետք է նշեմ, որ նրա դիրքում հաջողությամբ կարող են գործել նաև Արթուր Յուսպաշյանն ու Վալերի Ալեքսանյանը»:
Անդրադառնալով այն հարցին` արդյոք Յուրա Մովսիսյանը կարո՞ղ է մասնակցել ողջ հանդիպմանը, քանի որ «Կրասնոդարի» կազմում առայժմ միայն փոխարինման է մտնում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը շեշտեց, որ նա այժմ լավ մարզավիճակում է և պատրաստ է մասնակցել ողջ խաղին: Ի դեպ, Վարդան Մինասյանը խոստովանեց, որ այս պահի դրությամբ կողմնորոշվել է հիմնական կազմի 10 ֆուտբոլիստների հարցում, իսկ մեկ դիրքի հարցը դեռ պետք է քննարկի իր օգնականների հետ:
Վաղը կայանալիք խաղում հայ ֆուտբոլիստները պետք է մարտական որակներ դրսևորեն: Այդ հանգամանքն առաջին պլան է մղվում, որովհետև մրցաշրջանը նոր է մեկնարկել, և թիմը դեռ իդեալական մարզավիճակում չէ: Սրանում համոզված է Վարդան Մինասյանը` հայտարարելով նաև, որ իրենք ռուսների հետ առաջիկա խաղը չեն առանձնացնում մյուսներից և դրան մոտենում են որպես հերթական պատասխանատու հանդիպման: Նա ավելացրեց նաև, որ խնդիրը, ինչպես միշտ նույնն է` ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ, որի հետևանքը, բնականաբար, արդյունքն է:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը խոստացել է Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի դեպքում 50 հազար դոլարով պարգևատրել յուրաքանչյուր ֆուտբոլիստի: Իսկ ի՞նչ պարգևավճարներ են խոստացվել մեր թիմի խաղացողներին: «Մեր ամենամեծ պարգևը 3 միավորն է»,- հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են