ԵՊՀ-ն ամփոփել է 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքները
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող 2011 թ-ի դպրոցական օլիմպիադայի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացանք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունից առաջ դահլիճում հավաքված դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ողջունել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վերջինս խիստ կարևորել է այն հանգամանքը, որ չնայած մեծ դժվարություններին` ԵՊՀ-ին, այնուամենայնիվ, ԿԳ նախարարության և դպրոցների օգնությամբ հաջողվել է վերականգնել օլիմպիադայի ավանդույթը:
«Օլիմպիադան օգնում է մեր աշակերտներին զգալ առողջ մրցակցության հատիկը, ավելի խնամքով վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին: Սա ոչ միայն ԵՊՀ-ավագ դպրոց կապի ամրապնդման միջոց է, այլեւ հրաշալի առիթ աշակերտ-ծնող-ուսուցիչ եռակողմ աշխատանքի արդյունքների ամփոփման համար»,- նշել է ԵՊՀ ռեկտորը` հույս հայտնելով, որ տարիների ընթացքում օլիմպիադայի մասնակիցների թիվն էլ ավելի կաճի, իսկ աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող օլիմպիադան այս տարի անցկացվել է մարտի 19-ին Հայաստանի միաժամանակ երեք քաղաքներում` Երևանում (Երեւանի պետական համալսարան), Գյումրիում («Պրոգրես» համալսարան) և Իջեւանում (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ):
14 հանրակրթական առարկաների գծով անցկացված մրցույթին մասնակցել է 1619 դպրոցական` ՀՀ 8 մարզերի 137 դպրոցներից: 968 աշակերտ մրցույթին մասնակցել է ԵՊՀ-ում: 464 դպրոցական հայտագրվել է Գյումրիում, իսկ 187-ը` Իջևանում:
Օլիմպիադայի արդյունքների համաձայն` պատվոգրերի եւ գովասանագրերի են արժանացել 320 դպրոցականներ: 1-ին կարգի մրցանակի են արժանացել 20, 2-րդ կարգի` 42, իսկ 3-րդ կարգի` 85 դպրոցականներ: Գովասանագրերի են արժանացել 173 աշակերտներ: Այս տարի ամենից ակտիվ են եղել «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի մրցույթի մասնակիցները` 289 աշակերտ, 2-րդ տեղում «Անգլերենն» է, 3-րդը` «Մաթեմատիկան»: