Արշավին. «Հայկական ֆուտբոլը ենթադրում է գնդակի վարման յուրահատուկ տեխնիկա»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը Երևանում հարցազրույց է տվել «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին` շեշտելով, որ դժվար թե Հայաստանի հավաքականը կարողանա լուծել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը:
«Ես առաջին անգամ եմ ժամանել Հայաստան, ուստի ինձ համար այստեղ շատ հետաքրքիր է,- նշել է Արշավինը:- Մարդիկ հյուրընկալ են, խաղադաշտը լավն է, եղանակը` նույնպես: Այնպես որ, նորմալ ֆուտբոլ խաղալու համար բոլոր պայմանները կան: Հայաստանի հավաքականի հետ խաղը խմբի վճռորոշ հանդիպումներից մեկն է լինելու: Եթե կարողանանք երկու անգամ հաղթել հայերին, հիանալի պլացդարմ կստեղծենք` դուրս գալու եզրափակիչ:
Նկատելի է` շատերն են մտածում, որ Ռուսաստանի ընտրանին կարող է պարտվել Հայաստանի ազգային թիմին: Բայց մենք վստահ ենք մեր ուժերին, ու ամեն ինչ մեր ձեռքերում է: Շղթան հասարակ է. եթե լավ պատրաստվենք, կցուցադրենք որակյալ ֆուտբոլ, իսկ եթե որակյալ խաղ ցուցադրենք, կհաղթենք: Բոլորի գլխի մեջ չեմ կարող մտնել, բայց, դատելով այն ամենից, ինչ տեսնում եմ պարապմունքների ընթացքում, կարող եմ ասել միայն, որ մթնոլորտն ինձ դուր է գալիս:
Ես չեմ ասում, որ մեր թիմն առաջիկա հանդիպման ընդգծված ֆավորիտն է: Պարզապես գիտեմ, որ մենք ուզում ենք հաղթել և կարող ենք դա անել:
Դիտել եմ Սլովակիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու հանդիպման երկրորդ խաղակեսը: Այդ 45 րոպեի ընթացքում, ինչպես ինձ թվաց, հայերը խաղում էին հակագրոհներով` օգտվելով մրցակցի պաշտպանությունում ազատ գոտիների առկայությունից: Արագ խլում էին գնդակը, պաշտպանությունից արագ անցնում հարձակման և միանգամայն արժանիորեն հաղթեցին:
Հայաստանի հավաքականը կարող է շատ վտանգավոր լինել: Դա հաստատ է: Կարող եմ ասել, որ շատ լավ ֆուտբոլիստ է Հենրիխ Մխիթարյանը: Այս տարի նրան տեսել եմ «Էմիրեյթսում», որտեղ, ճիշտ է, «Շախտյորի» համար շատ դժվար էր: Մենք հիանալի գիտենք նաև Սարգիս Հովսեփյանին ու Ռոման Բերեզովսկուն, ովքեր շատ բարձր կարգի խաղացողներ են: Ի դեպ, մոտ 8 տարվա հանդիպումից հետո շատ հետաքրքիր կլինի հանդիպել Սարգսի հետ:
Կարծում եմ` Հայաստանի ընտրանին իր ներկա տեսքով չի կարող հավակնել եզրափակչի ուղեգրի: Մեր գլխավոր մրցակիցները կլինեն Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները: Բայց երևանյան հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել: Հետխորհրդային երկրների թիմերը միշտ սեփական խաղադաշտում կարողանում են ճակատամարտ տալ: Բացի այդ, հայկական ֆուտբոլը ենթադրում է գնդակի վարման յուրահատուկ տեխնիկա, ինչը նույնպես հետաքրքիր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են